"Կոնվերս բանկը" "Հատիս" բասկետբոլի ակումբի գլխավոր հովանավոր
14.07.2009
"Կոնվերս բանկ" ՓԲԸ-ն հանդիսանում է "Հատիս" բասկետբոլի ակումբի գլխավոր հովանավոր: Այդ առթիվ, հուլիսի 14-ին "Կոնվերս բանկում" կայացավ բանկի մասնաճյուղերի և բանկային ծառայությունների վարչության պետ Սուրեն Զոհրաբյանի, Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի նախագահ Հրաչյա Ռոստոմյանի, "Հատիս" բասկետբոլի ակումբի գործադիր տնօրեն Արթուր Նազարյանի մամուլի ասուլիսը:
Ցանկացած բիզնեսի ապագան սերտորեն կապված է սոցիալական բարեկեցության, կայունության, երկրի կրթության և մշակույթի մակարդակի հետ: Ահա ինչու "Կոնվերս բանկը" չափազանց կարևորում է կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ծրագրերի իրականացումը: "Մեր ընկերությունը, ամենամյա տարեկան ծրագրերում հստակ ամրագրելով այդ ուղղությամբ տարվող աշխատանքի ռազմավարությունը, շեշտը դրել է զարգացման ծրագրերի վրա` այս տարի առանձնացնելով կրթության, մշակույթի և սպորտի ոլորտները",- նշեց պարոն Զոհրաբյանը:
"Հատիս" մարզական ակումբի գործադիր տնօրեն Արթուր Նազարյանի` հավաստմամբ, "Հատիս" կանանց թիմը առաջիկայում կմասնակցի Եվրոպայի գավաթի խաղարկությանը: Նա բարձր է գնահատում բանկի հովանավորչությունը` շեշտելով դրա սոցիալական անհրաժեշտությունը:
Այս տարի Հայաստանի առաջնության ժամանակ 36 խաղ, որին կմասնակցի 6 թիմ: Խաղերը կանցկացվեն նաև մարզերում` հատկապետ Գյումրի քաղաքում:
Տեղեկացնենք, որ "Կոնվերս բանկը" այլ պատվավոր ընկերությունների կողքին այս տարի հովանավորել է "Սպարտակ" բալետը, բանկն արդեն 3-րդ տարին է ինչ հանդիսանում է "Ֆրութֆուլ Արմենիա" գյուղատնտեսության զարգացմանն ուղղված ծրագիրի գլխավոր հովանավոր: Ի դեպ այս տարի "Ֆրութֆուլ Արմենիան" ուղղված է երիտասարդ նորարարական գաղափարների բացահայտմանը: Այս պահին բանկը հովանավորում է մշակութային տուրիզմին ուղղված "Բաց երաժշտության փառատոնը", որը 2 ամիս շարունակ մեր քաղաքացիներին ու մեր երկիր ժամանած տուրիստներին կներկայացնի մեր ու համաշխարհային երաժշտության գանձերը: "Կոնվերս բանկը" Թումանյանական տարվա շրջանակներում նախատեսում է հովանավորչական ծրագրեր իրականացնել նաև Մեծ գրողի հոբելյանական հանդիսությունների շարքից:
"Կոնվերս բանկի" ղեկավարությունը "Հատիս" ակումբին հովանավորելը դիտարկում է առաջին հերթին առողջ ապրելակերպի խթանման, մատաղ սերնդի դաստիարակության տեսանկյունից, ապա նոր` իբրև աջակցություն պրոֆեսիոնալ մարզաձևին: