Թեժ գիծ +37410 511 211

Նորություններ

Կոնվերս Բանկն աջակցում է Քեսաբի հայերին

12.05.2014

Կոնվերս Բանկը միանում է Ջինիշյան հիշատակի հիմնադրամի դրամահավաքին՝ Քեսաբի հայրենակիցներին օժանդակություն ցուցաբերելու նպատակով: Կոնվերս Բանկի նախաձեռնությամբ երկու ամսով երկու ընտանիք Լաթաքիայում կապահովվեն վարձով բնակարանով և սննդամթերքով: Եթե նշյալ ժամանակահատվածում հակամարտության գոտում կրկին խաղաղություն չհաստատվի, Կոնվերս Բանկը կվերանայի ընտանիքների օժանդակության իր նախագիծը:
Ջինիշյան հիշատակի հիմնադրամի նախաձեռնությանը կմիանան նաև Կոնվերս Բանկի աշխատակիցները: Յուրաքանչյուր աշխատակից հնարավորություն կունենա փոխանցում կատարել բանկի հատուկ հաշվեհամարին՝ Քեսաբահայ հայրենակիցներին օգնություն ցուցաբերելու նպատակով: Ողջ գումարը կփոխանցվի Ջինիշյան հիշատակի հիմնադրամին:
<<Կոնվերս Բանկն իր պարտքն է համարում աջակցություն ցուցաբերել ինչպես Լաթաքիայում ապաստան գտած Քեսաբցի մեր հայրենակիցներին, այնպես էլ բոլոր նրանց, ով այս ծանր օրերին կբռնի պատմական հայրենիքի ճանապարհը: Մարդասիրական այս նախաձեռնությունն անչափ կարևոր է Բանկի համար: Այդ իսկ պատճառով ողջունում ենք Ջինիշյան հիշատակի հիմնադրամի՝ Քեսաբահայերի օժանդակությանն ուղղված բոլոր քայլերը: Չափազանց կարևոր է, որ կյանքի այս դժվար փուլում Սիրիայի հայերը զգան Հայաստանի աջակցությունը>>, - նշեց Բանկի գործադիր տնօրեն Տիգրան Դավթյանը:
Բացի այդ բոլոր մեր հայրենակիցների համար, ով Սիրիայից կվերադառնա Հայաստան, Կոնվերս Բանկը մշակել է հատուկ Բարի գալուստ բանկային փաթեթ: Այս փաթեթի շնորհիվ մեր հայրենակիցները հնարավորություն կստանան օգտվել Բանկի զանազան պրոդուկտներից՝ արտոնյալ պայմաններով: Մենք հավատում ենք, որ այս փաթեթի և մեր հմուտ անձնակազմի աշխատանքի շնորհիվ Հայաստանում հաստատվելու առաջին փուլերը կանցնեն ավելի հեշտ և հանգիստ:

 

← Վերադառնալ ցուցակին