Թեժ գիծ +37410 511 211

Նորություններ

mConverse` առաջին մոբայլ բանկը Հայաստանում

20.06.2014

Մեկնարկեց Digitec Բիզնես Ֆորում 2014-ը, որտեղ Կոնվերս Բանկը ներկայացրեց ՏՏ կողմնորոշվածություն ունեցող մի շարք նոր պրոդուկտներ և ծառայություններ: Դրանք են առցանց գնումների և վճարումների համար նախատեսված Visa Virtual քարտը, էլեկտրոնային առևտուրը հայաստանյան ընկերությունների համար ավելի բաց և հեշտ դարձնող eCommerce համակարգն ու տարվա ամենասպասված և կարևոր ՏՏ նորությունը՝ առաջին մոբայլ բանկ հավելվածը Հայաստանում:

mConverse-ը մոբայլ բանկային գործարքներ և մոբայլ առևտուր կատարելու բոլորովին նոր համակարգ է՝ նախատեսված Կոնվերս Բանկի հաճախորդների համար: mConverse համակարգի միջոցով կարելի է կառավարել հաշիվները Կոնվերս Բանկում, իրականացնել փոխանցումներ, ստուգել արտարժույթի փոխարժեքներն ու կատարել կոմունալ վճարումներ: Այս ամենի համար հատուկ ստեղծվել է պարզ և ինտուիտիվ հարմար ինտերֆեյս, որի շնորհիվ բոլոր գործարքները կատարվում են առավել արագ: mConverse հավելվածը iOS կամ Android սմարտֆոնին բեռնելուց և հավելվածում գրանցվելուց հետո այն կարելի է օգտագործել նաև համակարգչից:

mConverse մոբայլ հավելվածը նոր էջ է առցանց վճարումների պատմության մեջ: Շնորհիվ mConverse-ի կարելի է վճարել գնված ապրանքների և ստացած վճարումների դիմաց՝ օգտագործելով ընդամենը սմարտֆոնն ու մոբայլ հավելվածը: Վճարումները հնարավոր է կատարել ցանկացած տեղում և ցանկցած ժամանակ:

mConverse-ը լուրջ խթան է Հայաստանի գործարարների համար: Այժմ վաճառակետերը նույնպես կարող են օգտվել mConverse մոբայլ բանկ համակարգից՝ վճարումներն ընդունելու և վճարման հանձնարարականները (payment order) հաճախորդի հենց հավելվածին ուղարկելու համար: Հանձնարարականը կարելի է ուղարկել բջջային հեռախոսահամարով, mConverse-ում յուրաքանչյուր օգտատիրոջ համար գեներացվող QR կոդը սքան անելով կամ NFC անլար կապի միջոցով: Գումարը կփոխանցվի վաճառողի Կոնվերս Բանկում բացված հաշվին՝ վճարման հանձնարարականը գնորդի կողմից հաստատելուց անմիջապես հետո:

Բացի մոբայլ բանկի գլխավոր ֆունկցիաներից mConverse-ով հնարավոր է տեղեկանալ արտարժույթի փոխարժեքներից և մոտակայքում եղած Կոնվերս Բանկի մասնաճյուղերից և բանկոմատերից՝ քարտեզի վրա:
mConverse համակարգը կիրառում է վերջին սերնդի շարժական կապի և ինտերնետ անվտանգության ստանդարտները՝ հավասարապես պաշտպանելու գործարք կատարող երկու կողմերին: Այս համակարգը հիմնված է DOOCAT մոբայլ բանկ և մոբայլ առևտուր սպասարկող պլատֆորմի վրա, որը նախագծվել և մշակվել է Gallery Systems ընկերության կողմից:

← Վերադառնալ ցուցակին