Թեժ գիծ +37410 511 211

Նորություններ

Հայաստանում է հանրաճանաչ արգենտինացի բանդոնեոնահար Կարլոս Բուոնոն

27.05.2016

Մայիսի 27-ին՝ ժամը 19-ին, Արամ Խաչատրյան համերգասրահում կկայանա Արգենտինական տանգոյի երաժշտության և պարերի երեկո՝ հանրաճանաչ արգենտինացի դիրիժոր և բանդոնեոնահար Կարլոս Բուոնոյի մասնակցությամբ: Համերգը կիրականացվի Հայաստանի Ազգային Ֆիլհարմոնիկ Նվագախմբի, Կոնվերս Բանկի և ՀՀ-ում Արգենտինայի դեսպանատան համատեղ աջակցությամբ:

Լրագրողների հարցին՝ թե ինչպե՞ս ստացվեց համագործակցությունը, Կոնվերս Բանկի խորհրդի անդամ Խուան Կարլոս Օսկոիդին պատասխանեց.

"Երբ Բանկ եկան Ֆիլhարմոնիայի ներկայացուցիչները և պատմեցին, թե ում են ցանկանում հրավիրել Հայաստան, մենք ոչ մի կասկած չունեցանք և միանգամից ասացինք՝ այո":

"Պարոնը, ով այսպես պարզ նստած խոսում է Ձեզ հետ, համերգի ժամանակ կալեկոծի Ձեր հոգին: Ես ներկա եմ գտնվել իր համերգին և տեսել եմ, թե ինչպես են մարդիկ հուզմունքից լալիս: Անգամ "սառը" հոլանդացիներն էին հուզվել", - կեսկատակ հավելեց Կոնվերս Բանկի Խորհրդի անդամ Խուան Կարլոս Օսկոիդին:

Համերգին կհնչեն Աստոր Պիացոլլայի, Յակոբ Գադեի, Մարիանո Մորեսի, Անխել Վիյոլդոյի, Էդուարդո Արոլասի, Կարլոս Գարդելի, Ագուստին Բարդիի, Ժերարդո Մատոս Ռոդրիգեսի ստեղծագործություններից:

Կարլոս Բուոնոն հանդես կգա Ֆիլհարմոնիկ նվագախմբի լարային կազմի և արգենտինացի դաշնակահար Ալդո Սարալեգիի հետ միասին: Պարային համարներով կներկայանան Արիաննա Կաոիլին (Ավստրալիա), Սուրեն Մխիթարյանը, Արկադի Ատասունցովը և Դիաննա Հայրապետյանը:

"Ինձ երբեմն ասում են՝ տանգո կատարելիս շատ եմ ժպտում, ինչը այնքան էլ բնորոշ չէ տանգոյին: Ես էլ հակադարձում եմ՝ թանկ գին եմ վճարել, զրկել եմ ինձ շատ բաներից. տանգոն իմ կյանքն է և ամեն անգամ նվագում եմ այնպես, ասես վերջին անգամ",- ասաց Կարլոս Բուոնոն:

Մաեստրոն պատմեց, որ տանգոն շատ պարզ ակունքներ ունի: Գաղտնիք չէ, որ իր ճանապարհը սկսել է 19-րդ դարի վերջում հասարակաց տներից և դարձել է հայտնի 20-րդ դարի սկզբում` Եվրոպա հասնելուց հետո:

Տարիներ առաջ օծանելիքի բույրը փոխեց մանկահասակ Բուոնոյի կյանքը: "Վեց տարեկան էի: Հայրիկիս հետ հաճախ էինք նստում մեր տան շեմին: Միշտ մի պարոն էր անցնում այդտեղով, բարևում հայրիկիս ու շարունակում իր ճանապարհը: Առաջինը ինչ-որ բուրմունք էր հասնում քթիս: Այդ պարոնը միշտ ձեռքին մի տուփ ուներ: Ենթադրում էի, որ մեջը օծանելիք էր: Մի օր էլ հայրիկիս հետ գնացինք համերգ: Երբ նվագախումբը տեղավորվեց, բեմ բարձրացավ նա՝ նույն տուփը ձեռքին, հետո բացեց այն ու միջից հանեց… բանդոնեոն",- այս խոսքերով մաեստրոն սկսեց նվագել ասուլիսին հավաքվածների համար:

 

← Վերադառնալ ցուցակին