Թեժ գիծ +37410 511 211

Նորություններ

Կոնվերս Բանկի նախաձեռնությամբ կայացավ գերմանական երաժշտության երեկո՝ նվիրված Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձևի ընդունման մեկամյակին

15.05.2017

Մայիսի 15-ին Կոնվերս Բանկի նախաձեռնությամբ կայացավ գերմանական երաժշտության երեկո՝ նվիրված Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձևի ընդունման մեկամյակին:

Երեկոյի հյուրերի թվում էին Հայաստանում օտարերկրյա դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ, արվեստագետներ, գործարարներ:
Կոնվերս Բանկի Գործադիր տնօրեն Արթուր Հակոբյանը, իր խոսքում, երախտագիտություն հայտնեց Գերմանիայի Դաշնային Հանրապետությանը՝ Հայոց Ցեղասպանության դատապարտման հարցում իր դիրքորոշման համար, հավելելով, որ "Բանաձևի ընդունումը լավ օրինակ է՝ հաստատելու, որ համամարդակային արժեքները, մշակույթը կնճռոտ հարցերը լուծելու և առաջ շարժվելու լավագույն ճանապարհն են":
Հայաստանում Ամերիկյան Համալսարանի դասախոս, պատմաբան Թոմ Սամուելյանը , կարևորևելով մարդկության դեմ հանցագործությունների ճանաչումն ու դատապարտումը, հույս հայտնեց, որ Հայոց ցեղասպանության ճանաչումը թույլ կտա վերականգնել պատմական արդարությունը և կոտորված հայերի իրավահաջորդներին ապագայում իրավունքների վերականգնման հնարավորություն կընձեռի:

Հայաստանում ԳԴՀ Արտակարգ և լիազոր դեսպան պարոն Բերնհարդ Մաթիաս Քիսլերը հիմնականում, իր հերթին, հիմնականում խոսեց հայ-գերմանական կապերի ու դրանց զարգացման հնարավորությունների մասին: "Բուդեսթագի կողմից Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձևի ընդունումից հետո Մեզ շնորհակալություն հայտնելու համար ԳԴՀ դեսպանատան առջև էին հավաքվել հայ երիտասարդներ և վանկարկում էին "Դանքե Դոյչլանդ, Դանքե շոն": Ես հպարտությամբ կարող եմ ասել, որ նման վերաբերմունքի արժանացած միակ դեսպանն եմ Հայաստանում",- իր խոսքը եզրափակեց դեսպանը՝ ազդարարելով գերմանական երաժշտության երեկոյի մեկնարկը:

Երեկոյի ընթացքում հնչեցին Բախի, Շուբերտի, Բրամսի, Շումանի, Վագների, ինչպես նաև հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ՝ այդ թվում դաշնակահար Հայկ Մելիքյանի, Հայաստանի վաստակավոր արտիստ Աննա Մայիլյանի կատարմամբ:

      

← Վերադառնալ ցուցակին