Թեժ գիծ +37410 511 211

Նորություններ

Կոնվերս Բանկը Խուլիո Կորտասարի "Ցատկախաղ" գրքի հայերեն թարգմանության աջակից

18.05.2018

Մայիսի 18-ին Հայաստանում Արգենտինայի դեսպանատան մշակութային կենտրոնում տեղի ունեցավ արգենտինացի նշանավոր գրող Խուլիո Կորտասարի "Ցատկախաղ" գրքի հայերեն թարգմանության շնորհանդեսը: Միջոցառմանը ներկա էին ՀՀ-ում Արգենտինայի դեսպան Գոնզալո Ուրրիոլաբեիտիան, գրականության, արվեստի և բիզնես ներկայացուցիչներ: Միջոցառման աջակիցն էր Կոնվերս Բանկը:

"Ցատկախաղը" փորձարարական վեպ է, որն իր խաղերով, գիտափորձերով ու լեզվով իրական հեղափոխություն կատարեց գրական աշխարհում` ուրվագծելով ժամանակակից վեպի նոր սահմանները: Այն հայերեն է թարգմանվել Արգենտինայի Արտաքին գործերի և պաշտամունքի նախարարության "Programa Sur" ծրագրի շրջանակներում՝ արգենտինական գրականության հանրայնացման նպատակով:

" Կորտասարի "Ցատկախաղ" գրքի հայերեն թագմանությունը հայ ընթերցողին հնարավորություն կտա նոր դիտանկյունից ծանոթանալ արգենտինական մշակույթի և մտածողության առանձնահատկություններին, հասկանալ դրանց խորությունը և սիրել արգենտինական մշակույթը",- իր խոսքում ասաց Հայաստանում Արգենտինայի Արտակարգ և լիազոր դեսպան Գոնզալո Ուրրիոլաբեիտիան:

" Ցատկախաղը դուրս է դասական վեպի մասին եղած պատկերացումներից:
Հեղինակը ընթերցողին դրդում է հարցադրումների ու ներքաշում գաղափարների քննարկման մեջ, կոտրում է կարծրատիպեր, վերանայում է սերն ու սիրային հարաբերությունները նկարագրող լեզուն",- ասաց գրքի թարգմանիչ Ալիս Տեր-Ղևոնդյանը:

"Կորտասարն այն գրողն է, որի ստեղծագործությունների խորությունը, լեզուն և դեպքերի սրընթաց զարգացումը միշտ զարմացնում են ընթերցողին՝ թույլ չտալով "կտրվել գրքից": Կոնվերս Բանկը պարբերաբար հանդես է եկել որպես Արգենտինայի դեսպանատան նախաձեռնությունների աջակից: Մենք ուրախ ենք, որ կարողացանք մեր համեստ լուման ներդնել նաև այս գեղեցիկ նախաձեռնության իրականացման մեջ",- ասաց Կոնվերս Բանկի Գլխավոր Գործադիր տնօրեն Արթուր Հակոբյանը:

Շնորհանդեսի ընթացում խոսքով հանդես եկան նաև հյուրեր՝ կարևորելով նման բարձրարժեք գործերը հայերեն թարգմանությամբ հայ ընթերցասերներին ներկայացնելու անհրաժեշտությունը:

Նկարներ

← Վերադառնալ ցուցակին