Թեժ գիծ +37410 511 211

Մամուլը մեր մասին

10 մլն դոլար «Կոնվերս բանկին»` Եվրոբանկից

26.11.2008

Հերթական անգամ Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) ներդրում կատարեց հայկական բանկերից մեկում: Այս անգամ Հայաստանում Եվրոբանկի ներկայացուցիչ Մայքլ Վայնշտայնն ու «Կոնվերս բանկի» գործադիր տնօրեն Արարատ Ղուկասյանը պայմանագիր ստորագրեցին, որ ՎԶԵԲ-ը 10 մլն ԱՄՆ դոլար վարկ կտրամադրի «Կոնվերս բանկին»: Այն հիմնականում կուղղվի փոքր եւ միջին բիզնեսի ֆինանսավորմանը:

Անդրադառնալով ստորագրված համաձայնագրին` Արարատ Ղուկասյանը նշեց, որ վարկը տրամադրվելու է երկու չափաբաժիններով` 5-ական մլն ԱՄՆ դոլար, 16 տոկոսով և 4 տարի ժամկետով: Սակայն բանկի կողմից տնտեսվարողների վարկավորումը միևնույն տոկոսադրույքներով չի լինելու, հաշվի են առնվելու յուրաքանչյուր վարկառուի առանձնահատկությունները:

Համաձայնագրի արարողությանը մասնակից Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը, պատասխանելով լրագրողների հարցերին, մեկ անգամ ևս փաստեց, որ Հայաստանի բանկային համակարգն ունի բարձր իրացվելիություն: Եթե ԿԲ սահմանած նորմատիվներից առաջինով այդ իրացվելիությունը պետք է կազմի 15 տոկոս, ապա բանկերինը 24-25 տոկոս է, իսկ մյուսի նորմատիվը, սահմանված 60 տոկոսի փոխարեն` 95-96 տոկոս է:

Մեկ այլ հարցի պատասխանելով, ԿԲ նախագահն ընդունեց, որ բանկերի կողմից տրամադրվող սպառողական վարկերը որոշ չափով նվազել են, քանի որ առաջացած ռիսկերը տեսնելով, բանկերը որոշել են վարկերը տրամադրել ընտրանքային ձևով, այլ ոչ թե համատարած:

http://azg.am/AM/2008112616

ԱԶԳ

← Վերադառնալ ցուցակին