Թեժ գիծ +37410 511 211

Մամուլը մեր մասին

10 միլիոն դոլար` ՓՄՁ ոլորտին

26.11.2008

«Կոնվերս բանկ» ՓԲԸ-ն եւ Վերակառուցման զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) երեկ ստորագրեցին վարկային պայմանագիր`10 մլն դոլարի վարկային ծրագրի մասին։ Ըստ վերոնշյալ պայմանագրի` ՎԶԵԲ-ի կողմից տրամադրված ֆինանսական միջոցները նպատակաուղղվելու են փոքր եւ միջին ձեռնարկատիրության ոլորտին` նպաստելով գործարարության զարգացմանը։ Վարկային ռեսուրսները հատկացվելու են առանց աշխարհագրական սահմանափակումների և ուղղվելու են առևտրի, սպասարկման, արդյունաբերության, գյուղմթերքի արտադրության, վերամշակման և այլ ոլորտներում աշխատող փոքր և միջին ձեռնարկություններին, ինչպես նաև անհատ ձեռներեցներին։

Վարկը տրվելու է մինչեւ 4 տարի մարման ժամկետով և շուկայական տոկոսադրույքով։ Նշենք, որ «Կոնվերս բանկը» հանրապետության բոլոր մարզերում իրականացնում է փոքր ու միջին ձեռնարկատիրական գործունեություն, այդ թվում նաև` գյուղատնտեսության բնագավառի ֆինանսավորում։

«Մենք շարունակելու ենք վարկեր տրամադրել մեր կողմից ներգրավված միջոցների հաշվին, բայց քանի որ հնարավորություն կա գումարներ ներգրավել նաև արտերկրից, կարծում եմ, դա միայն նպաստելու է Հայաստանի տնտեսության զարգացմանը, որովհետև վարկային ռեսուրսների կարիք միշտ լինելու է»,- նշեց «Կոնվերս բանկ» ՓԲԸ-ի գործադիր տնօրեն Արարատ Ղուկասյանը։ Վարկը տրամադրվելու է երկու մասնաբաժնով, 16 տոկոս տոկոսադրույքով։ «Դա չի վերաբերում այլ ներգրավված վարկերի տոկոսադրույքներին, քանի որ յուրաքանչյուր վարկ կախված է վարկառուի ռիսկային գործոնից։ Առաջին մասնաբաժինը ակնկալում ենք ստանալ հունվարին, սակայն մինչ այդ ցանկանում ենք վերապատրաստում իրականացնել բոլոր վարկային մասնագետների շրջանում` նրանց հատուկ վերապատրաստման ծրագրով»,- հավելեց բանկի գործադիր տնօրենը։

Առևտրային բանկերի կողմից ակտիվ վարկային ռեսուրսների ներգրավումը ՓՄՁ ոլորտում այս պահին չի՞ առաջացնելու, արդյոք, իրացվելության խնդիր։ Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը հարկ համարեց ևս մեկ անգամ հիշեցնել, որ նման խնդիր բանկերն այս պահին չունեն։ «Ես կարող եմ մեկ անգամ ևս նշել, որ մեր բանկերը այս պահին և իրացվելի են, և նորմատիվներից մեկը կազմում է մոտ 24-25 տոկոս, իսկ երկրորդը՝ 93-94 տոկոս, այն պարագայում, երբ մեր կողմից նշանակված և ԿԲ-ի կողմից վերահսկվող ցուցանիշներն են 15 տոկոս մի դեպքում, իսկ մյուս դեպքում՝ 60 տոկոս։ Մեր բանկերը իրացվելի են, և այսպիսի վարկերը ուղղակի աջակցում են այս պայմաններում դիմակայելու ճգնաժամի հետագա ազդեցություններին։ Այն ասեկոսեները, որ հայաստանյան բանկերը վարկեր չեն տրամադրում, չեն համապատասխանում իրականությանը»,- հավաստիացրեց ԿԲ նախագահը` փաստելով նաև, որ առևտրային բանկերը տրամադրում են վարկեր, և դրանց ծավալները նույնիսկ նախորդ տարվա համեմատ աճել են 50 տոկոսով։

Ինչ վերաբերում է սպառողական վարկերի տրամադրման ծավալների նվազմանը, ապա ԿԲ-ի նախագահն ասաց. «Սպառողական վարկերն իրենց մեջ պարունակում են նաև այլ ռիսկեր, թե, օրինակ, ինչպիսի եկամտաբերություն ունի տվյալ ֆիզիկական անձը, ինչպիսի դրամական հոսքեր են նրան սպասվում ապագայում։

Բանկերը նոր ռիսկեր տեսնելով՝ այդ գործընթացում փորձում են սպառողական վարկեր տրամադրել ոչ թե լայնածավալ, այլ որոշ ընտրանքային սկզբունքներով»։

http://hhpress.am/index.php?sub=hodv&hodv=20081126_13&flag=am

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

← Վերադառնալ ցուցակին