Թեժ գիծ +37410 511 211

Մամուլը մեր մասին

"Կոնվերս բանկը" պարտատոմսեր թողարկեց

12.12.2008

«Կոնվերս բանկը» երեկ հանդես եկավ բանկային նոր գործիքով` թողարկելով անվանական միջնաժամկետ արժեկտրոնային պարտատոմսեր: Պարտատոմսերի ընդհանուր ծավալը կկազմի 1,5 մլրդ դրամ, կթողարկվի 50 հազար պարտատոմս` յուրաքանչյուրը 30 հազար դրամ անվանական արժեքով 3 տարի ժամկետով: Երեկ հայտարարվեց թողարկման առաջին տրանշի տեղաբաշխման մասին 300 մլն դրամ ծավալով, տարեկան 10, 64 տոկոս եկամտաբերությամբ: Նախատեսվում է, որ պարտատոմսերը կթողարկվեն և կտեղաբաշխվեն 5 տրանշով:

Պարտատոմսերի թողարկման շնորհանդեսի ժամանակ «Կոնվերս բանկ»-ի գործադիր տնօրեն Արարատ Ղուկասյանն այն համոզմունքը հայտնեց, որ 3 տարվա ժամկետը գրավիչ է, քանի որ երկարաժամկետ ներդրման հնարավորություն է տալիս: Բացի այդ, տեղաբաշխող ընկերությունը պարտավորություն է վերցնում ցանկացած ժամանակ հետ գնել պարտատոմսերը: Ըստ Արարատ Ղուկասյանի` տարին բավական հաջող է եղել բանկի գործունեության համար և իրենք կարողացել են իրականացնել բոլոր նախանշված ծրագրերը, մասնավորապես ընդլայնել վարկային ներդրումները երկրի տնտեսության մեջ:

«Ավելացել է հաճախորդների թիվը, ամրապնդվել են մեր դիրքերը շուկայում: Բնականաբար, նման հաջողակ տարին պետք է ավարտեինք ինչ-որ նորամուծությամբ, նոր գործիք ներկայացնելով: Վաղուց ծրագրվում էր, որ մեր ներդրումային գործիքների շարքը պետք է համալրվի երկարաժամկետ նոր հնարավորությամբ կամ բանկային գործիքով` ինչպիսին է պարտատոմսը: Այն թողարկվում է 3 տարի ժամկետով և առաջինն է բանկային համակարգում իր ժամկետի առումով ու բնույթով: Համոզված եմ, որ այս գործիքը թույլ կտա նաև դիվերսիֆիկացնել ներդրումները բանկում»,- նշեց բանկի գործադիր տնօրենը:

Պարտատոմսերի տեղաբաշխումն իրականացնելու է «Կապիտալ Ասեթ մենեջմենթ» ընկերությունը: Վերջինիս տնօրեն Տիգրան Կարապետյանը հայտնեց, որ բոլոր տրանշներով տեղաբաշխված պարտատոմսերը շրջանառվելու են Հայաստանի ֆոնդային բորսայում:

Ինչպես հայտնեց «Կոնվերս բանկի» փոխտնօրեն Տիգրան Դավթյանը, 2009-ին ակնկալվում է բանկի շահույթը ավելացնել 25 տոկոսով, իսկ վարկային պորտֆելը` 50 տոկոսով: Նրա կանխատեսմամբ, հաճախորդներից ներգրավվող միջոցները կաճեն 40 տոկոսով, իսկ հաճախորդների քանակը կավելանա 27,5 տոկոսով:

http://azg.am/AM/2008121215

ԱԶԳ

← Վերադառնալ ցուցակին