Թեժ գիծ +37410 511 211

Մամուլը մեր մասին

Նոր արժեկտրոնային պարտատոմսեր

12.12.2008

«Կոնվերս բանկ» ՓԲԸ-ն հանդես է գալիս նոր բանկային գործիքով։ Երեկ բանկի ներկայացուցիչները հայտարարեցին անվանական միջնաժամկետ արժեկտրոնային պարտատոմսերի թողարկման առաջին տրանշի տեղաբաշխման մասին։ Տեղաբաշխվող պարտատոմսերի անվանական ծավալը կկազմի 300 մլն դրամ` տարեկան 10, 64 տոկոս եկամտաբերությամբ։ Իսկ բանկի կողմից թողարկված պարտատոմսերի ընդհանուր անվանական ծավալը 1 մլրդ 500 մլն դրամ է, յուրաքանչյուրը՝ 50 հազար հատ։ Մեկ պարտատոմսի անվանական արժեքը կկազմի 30 հազար դրամ։ Նշենք նաև, որ պարտատոմսերը տրամադրվելու են 3 տարի ժամկետով։
Ո՞րն է բանկի կողմից առաջարկվող պարտատոմսերի գրավչությունը։ «Կոնվերս բանկ»-ի գործադիր տնօրեն Արարատ Ղուկասյանը նշեց հատկապես դրանց տրամադրման ժամկետայնությունը. «Մինչ այժմ բանկերը պարտատոմսեր են տրամադրել մինչև 2-3 տարի ժամկետով։ Բացի այդ, այն փաթեթային առաջարկ է, որը ենթադրում է բազմաշերտ տրանշներով տեղեբաշխում։ Մեր կարծիքով, սա գրավիչ է, քանի որ երկարաժամկետ ներդրման հնարավորություն է տալիս։ Բացի այդ տեղաբաշխող ընկերությունը իր վրա պարտավորություն է վերցնում ցանկացած ժամանակ հետ գնել պարտատոմսերը։
Վաղուց ծրագրվում էր, որ մեր ներդրումային գործիքների շարքը պետք է համալրվի երկարաժամկետ նոր հնարավորությունով կամ բանկային գործիքով` ինչպիսին է պարտատոմսը։ Այն թողարկվում է 3 տարի ժամկետով, եւ առաջինն է բանկային համակարգում իր ժամկետի առումով ու բնույթով։ Համոզված եմ, որ այս գործիքը թույլ կտա նաև դիվերսիֆիկացնել ներդրումները բանկում»։
Նշենք, որ պարտատոմսերի տեղաբաշխումը իրականացնելու է «Կապիտալ Ասեթ Մենեջմենթ» ընկերությունը։ Բոլոր տրանշներով տեղաբաշխված պարտատոմսերը շրջանառվելու են Հայաստանի ֆոնդային բորսայում։
Ինչպես տեղեկացրեց «Կոնվերս բանկի» գործադիր տնօրենի տեղակալ Տիգրան Դավթյանը, առաջին տրանշի շրջանառումը կսկսվի համաձայն օրենքի պահանջների, ԿԲ-ի գրանցումից 10 աշխատանքային օր հետո` 300 մլն դրամ ծավալով, և վճարվելու է եռամսյակային կտրվածքով։
Ի դեպ, 2009թ. ակնկալվում է բանկի շահույթը ավելացնել 25 տոկոսով, իսկ վարկային պորտֆելը` 50 տոկոսով։ Տիգրան Դավթյանի կանխատեսմամբ, հաճախորդներից ներգրավվող միջոցները կաճեն 40 տոկոսվ, իսկ հաճախորդների քանակը կավելանա 27,5 տոկոսով։ Պլանավորվում է նաև ծրագրային ռեսուրսներ ներգրավել` դրանք հասցնելով 10 մլրդ դրամի։

http://hhpress.am/index.php?sub=hodv&hodv=20081212_5&flag=am

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

← Վերադառնալ ցուցակին