Թեժ գիծ +37410 511 211

Մամուլը մեր մասին

ԿԱՊԻՏԱԼ / "Հատիսը" վերածնվեց

15.07.2009

17 տարվա ընդմիջումից հետո Հայաստանը կրկին ներկայացուցիչ կունենա բասկետբոլի եվրոպական ակումբային մրցաշարերում: Հանրահայտ «Հատիս» ակումբը վերածնվելուց հետո հայտ է ներկայացրել կանանց Եվրոպայի գավաթի 2009-10 թթ. խաղարկությանը մասնակցելու համար:

Երեկ «Կոնվերս բանկում» հրավիրված մամուլի ասուլիսին ակումբի ղեկավարները նշել են, որ «Հատիս» բասկետբոլային ակումբն արդեն վերածնվել է, ունի տղամարդկանց և կանանց թիմեր, մանկապատանեկան խմբակներ:

Ակումբի գործադիր տնօրեն Արթուր Նազարյանը հայտնել է, որ ակումբը վերականգնելու հարցում գործուն աջակցություն է ցուցաբերել «Կոնվերս բանկը»:

Վերջինիս ներկայացուցիչ Սուրեն Զոհրաբյանն այս կապակցությամբ ասել է. «Մեր բանկը որոշեց հովանավորել բասկետբոլային թիմ, քանի որ այսօր Հայաստանում, բացի ֆուտբոլից, այլ թիմային մարզաձևերում խոր ճգնաժամ է»:

Լրագրողներին հետաքրքրել է այն հարցը, թե ինչպես «Հատիս» ակումբը, վերածնվելով, անմիջապես իրավունք է ստացել մասնակցել Եվրոպայի գավաթի խաղարկությանը:

Հարցին պատասխանել է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի նախագահ Հրաչյա Ռոստոմյանը. «Արդեն 3 տարի է՝ գլխավորում եմ ֆեդերացիան, և այս տարիների ընթացքում որևէ հայկական թիմ ցանկություն չի հայտնել մասնակցել միջազգային պաշտոնական մրցաշարերի: Մինչդեռ Եվրոպայի բասկետբոլի ֆեդերացիան՝ ՖԻԲԱ-Եվրոպան, ամեն տարի Հայաստանին մի քանի տեղ է հատկացնում ակումբային մրցաշարերում: Այս տարի «Հատիս» ակումբը հայտ ներկայացրեց և իրավունք ստացավ ելույթ ունենալ Եվրոպայի կանանց գավաթի խաղարկությանը»:

«Հատիսի» գործադիր տնօրեն Արթուր Նազարյանը հայտնել է, որ հուլիսի 21-ին՝ Մյունխենում կայանալիք վիճակահանության ժամանակ, հայտնի կդառնա, թե ում հետ է մրցելու հայկական թիմը. «Մեր հնարավոր մրցակիցների շարքում կան նաև մրցակիցներ, որոնց մենք ի զորու ենք հաղթել: Որակավորման առաջին փուլում հաջողության հասնելու դեպքում կհայտնվենք խմբային մրցաշարում: Որակավորման փուլում Երևանում մրցակից թիմին աշնանը նախատեսում ենք հյուրընկալել «Դինամո» մարզահամալիրում»:

Ակումբի գործադիր տնօրենն ընդգծել է նաև, որ Եվրոպայի գավաթի խաղարկությունից առաջ թիմը կստանա համալրում: Ներկայում Իրանում ելույթ են ունենում հայ բասկետբոլիստուհիներ, ովքեր համաձայնություն են տվել ելույթ ունենալ «Հատիսում»: Վերջինիս կազմում կլինեն նաև հայկական մյուս ակումբներում հանդես եկող առաջատար մարզուհիներ:

http://cdaily.am/home/paper/2009_07_15/news/13179/

ԿԱՊԻՏԱԼ

← Վերադառնալ ցուցակին