Թեժ գիծ +37410 511 211

Մամուլը մեր մասին

ԱՌԱՎՈՏ / "Կոնվերս բանկը" վերածնում է «ՀԱՏԻՍ» բասկետբոլային ակումբը

15.07.2009

Ակումբի գլխավոր հովանավոր դառնալու առիթով երեկ հրավիրված մամուլի ասուլիսում բանկի մասնաճյուղերի եւ բանկային ծառայությունների վարչության պետ Սուրեն Զոհրաբյանն ասաց, որ չնայած տնտեսության համար այս տարին լի է մարտահրավերներով, «Կոնվերս բանկը» կարեւորում է կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ծրագրերի իրականացումը՝ այս տարի առանձնացնելով կրթության, մշակույթի եւ սպորտի ոլորտները, որ «Հատիս» ակումբը հովանավորելը դիտարկում է առաջին հերթին առողջ ապրելակերպի խթանման, մատաղ սերնդի դաստիարակության տեսանկյունից, հետո՝ իբրեւ աջակցություն պրոֆեսիոնալ սպորտին:

Հանրահայտ ակումբը երկրորդ ծնունդն է ապրում նախաձեռնող խմբի՝ Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի եւ «Կոնվերս բանկի» համատեղ ջանքերով եւ, ինչպես հայտարարեց Ս. Զոհրաբյանը, իրենք հույս ունեն, որ ծրագիրը երկար կյանք կունենա ու բազմաթիվ նոր հաղթանակներ ու հաջողություններ կբերի ինչպես ակումբին, այնպես էլ հայկական բասկետբոլին:

Ֆեդերացիայի նախագահ Հրաչյա Ռոստոմյանն այս համագործակցությունը կարեւորեց նրանով, որ այսօր հանրապետությունում խաղային մարզաձեւերը, թերեւս, բացի ֆուտբոլից, անմխիթար վիճակում են: Եվ վստահություն հայտնեց, որ ակումբի ոտքի կանգնելը կխթանի ոչ միայն բասկետբոլի, այլեւ խաղային մյուս մարզաձեւերի զարգացումն ու մասսայականացումը հանրապետությունում:

Ակումբի գործադիր տնօրեն Արթուր Նազարյանը, ներկայացնելով «Հատիսի» առաջիկա ծրագրերը, նշեց. «Ուրախությամբ պետք է նշեմ, որ երկարատեւ ընդմիջումից հետո առայժմ ի դեմս «Հատիս» ակումբի աղջիկների թիմի, Հայաստանը մասնակցելու է եվրոպական գավաթների խաղարկությանը, որի վիճակահանությունը կայանալու է մեկ շաբաթից՝ Մյունխենում: Երբ որոշվի մեր մրցակիցը, նրան աշնանը կընդունենք Երեւանում, հետո մենք կհյուրընկալվենք նրան: Դա կլինի անկախացումից հետո Հայաստանում անցկացվող բասկետբոլային առաջին միջազգային հանդիպումը Հայաստանում: Ակումբն ունենալու է եւ կանանց, եւ տղամարդկանց թիմեր, որոնք ներկայումս կազմավորման փուլում են»:

«Առավոտը» հետաքրքրվեց.

- Որքան հայտնի դարձավ, առայժմ «Հատիսի» կանանց թիմն ավելի մեծ ներուժ ունի, դրա համար էլ հենց նա է առաջինը դուրս գալու միջազգային ասպարեզ: Խորհրդային տարիների «Հատիսը», որը լեգենդ դարձավ, տեղական կադրերի՝ Անահիտ Սարգսյան, Անահիտ Հակոբյան, Վարսիկ Նիկողոսյան, Լուիզա Կարապետյան, Ռուզան Վահրադյան, եւ դրսից հրավիրվածներից՝ Լյուդմիլա Վորոնենկո, Լյուբով Ալեքսանդրովա, Աննա Տորորոշչենկո, Ելենա Պանտելեեւա, Էլեն Բունիաթյանց եւ այլք, ներդաշնակված ամուր թիմ էր: Եվ դրա համար էր կարողանում պայքարել նախկին ԽՍՀՄ-ի ուժեղագույն ակումբների հետ եւ հաղթել: Հիմա նոր «Հատիսը» ի՞նչ կադրերով է հանդես գալու եվրագավաթների խաղարկությանը:

Արթուր Նազարյան- Թիմի հիմնական կորիզը տեղի կադրերն են: Եվրագավաթներում համալրում անպայման լինելու է, այդ թվում նաեւ՝ Հայաստանի առաջնությունում հանդես եկող մյուս թիմերից: Սակայն ակումբը եւ ֆեդերացիան աշխատում են նաեւ արտերկրում, մասնավորապես, Իրանում ու Եվրոպական երկրներում հանդես եկող մեր հայրենակիցներին բերելու ուղղությամբ: Չի բացառվում նաեւ, որ այլազգի բասկետբոլիստուհիներ էլ հրավիրվեն, ասենք՝ Վրաստանից: Բայց հիմնական շեշտը դրվելու է տեղում կադրեր պատրաստելու վրա:

- Հաջողության հասնելու համար սեփական մարզաբազա, անհրաժեշտ գույք ունենալը պարտադիր է, որտեղ պետք է գործեն մանկապատանեկան խմբեր: Դրա հետ կապված ծրագրեր կա՞ն:

Ա. Ն.- Դա մեր ամենամեծ խնդիրն է: Որքան էլ ցավալի է, մեկուկես միլիոն բնակչություն ունեցող Երեւանում շատ թե քիչ նորմալ ընդամենը երեք դահլիճ կա՝ ՄՀՀ-ն, «Միկա» մարզահամալիրը եւ «Դինամոն»: Մենք առայժմ մտադիր ենք երկարաժամկետ վարձակալությամբ համապատասխան դահլիճ գտնել, որը ակումբի համար որպես բազա կծառայի: Իսկ սեփականն ունենալու մասին դեռ վաղ է խոսել: Դա հեռանկարային հարց է:

Հրաչյա Ռոստոմյանը հավելեց. «Մենք ակումբի հետ արդեն պայմանավորվել ենք. երբ նրանք որեւէ դահլիճ երկարաժամկետ կվարձակալեն, ֆեդերացիան գույքային բոլոր հարցերը կլուծի: Բացի սա, հավատացեք, որ սեպտեմբեր ամսից բոլոր համայնքներում գործելու են «Հատիս» ակումբի մանկապատանեկան սեկցիաներ: Ասել կուզեմ, որ ծրագիրը հեռանկարային է եւ բավականին ամբիցիոզ»:

http://new.aravot.am/am/articles/sport/65407/view

ԱՌԱՎՈՏ

← Վերադառնալ ցուցակին