ԱՌԿԱ / Կոնվերս բանկում տեղի է ունեցել "Կոնվերս VISA BOOM" ակցիայի խաղարկությունը
23.02.2010
Կոնվերս բանկը, VISA միջազգային վճարահաշվարկային համակարգի հետ համատեղ, անցկացրել է "Կոնվերս VISA BOOM" նոր բոնուս ակցիան:
Այս մասին "ԱՌԿԱ" գործակալությանը տեղեկացրեցին բանկի մամուլի ծառայությունից: Այս ակցիայի արդյունքում VISA քարտերի քանակն աճել է 16%-ով, բանկի առևտրային ցանցում անկանխիկ գործարքների քանակն աճել է 32%-ով, գումարային` 23%-ով, բանկի քարտերով անկանխիկ առևտրի քանակն աճել է 43%-ով, գումարային` 37%ով:
Տեղեկատվության համաձայն, ակցիայի արդյունքում առավելագույն միավորներ հավաքած 100 քարտապանների միջև անցկացվեց խաղարկություն: Առաջին մրցանակին արժանացած քարտապանը շահեց 2 հոգու համար նախատեսված ուղեգիր դեպի վայելքների քաղաք Դուբայ: 2-ից 20-րդ մրցանակային տեղեր զբաղեցրած քարտապանները նվեր ստացան կենցաղային տեխնիկա: 21-ից 30-րդ մրցանակային տեղերը զբաղեցրած քարտապանները ստացան VISA GIFT քարտեր` 30.000 ՀՀ դրամ դրամական պարգևներով, իսկ 31-ից 100-րդ մրցանակային տեղերի քարտապաններին տրվեցին անվճար հավելյալ քարտեր:
Բացի այդ, ակցիայի ընթացքում VISA CLASSIC դեբետային քարտերի դիմաց բանկը հաճախորդներից չի գանձում առաջին տարվա սպասարկման վարձը:
Ըստ մամուլի հաղորդագրության, "Կոնվերս VISA BOOM" ակցիան տևել է նախորդ տարվա նոյեմբերի 1-ից մինչև այս տարվա հունվարի 31-ը: Բանկի քարտապաններն այդ ժամանակահատվածում հնարավորություն ստացան VISA քարտեր սպասարկող աշխարհի շուրջ 25 մլն առևտրային կետերում իրականացված անկանխիկ գործարքի յուրաքանչյուր 1000 ՀՀ դրամ գումարի դիմաց ստանալ մեկ բոնուսային միավոր: Ընդ որում` մեկ անկանխիկ գործարքի դիմաց ստացվող առավելագույն բոնուսային միավորը 50-ն էր:
Կոնվերս բանկն արդեն չորրորդ անգամ է, ինչ VISA միջազգային վճարահաշվարկային համակարգի հետ համատեղ կազմակերպում է ամենատարբեր ակցիաներ, որոնց արդյունքում հաճախորդներին ոչ միայն առաջարկվում է առավել ուշագրավ պայմաններ, այլև մատուցվում են անակնկալներ ու մրցանակներ` այդ թվում ուղևորություններ դեպի Թուրին, Դիսնեյ Լենդ, Եգիպտոս:
«Կոնվերս բանկ» ՓԲԸ-ն Հայաստանի առաջատար բանկերից մեկն է: Բանկի հիմնական նպատակն է հասարակության բոլոր խավերին մատուցել համապարփակ, որակյալ, մատչելի և ժամանակակից բանկային ծառայություններ:
"Կոնվերս Բանկ" ՓԲԸ-ն ստեղծվել է 1993 թվականին և բանկային գործառնություններ իրականացնելու համար ունի ՀՀ ԿԲ-ի կողմից տրված N57 բանկային լիցենզիան: Բանկի բաժնետերերն են "Ընդվանսդ Գլոբալ Ինվեսթմենթս" ԼԷԼՍԻ-ին` 95% և Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին` 5%: Բանկն ունի ավելի քան 550 աշխատակից, բանկի 25 մասնաճյուղերից բաղկացած ցանցն ընդգրկում է Հայաստանի 13 քաղաքները:
http://www.armbanks.am/hy/2010/02/23/8055/
ARMBANKS.AM