Թեժ գիծ +37410 511 211

Մամուլը մեր մասին

Մեկնարկել է "Կոնվերս միավորներ" ծրագիրը

11.06.2012

Երեւան/Մեդիամաքս/. Կոնվերս բանկն իր քարտապանների համար մեկնարկել է «Կոնվերս միավորներ» ծրագիրը:

Այս ծրագրով փորձում ենք խրախուսել եւ ուղղորդել հաճախորդներին, որ քարտը օգտագործվի իր առաջնային նպատակով` որպես վճարման միջոց»,- ասել է Կոնվերս բանկի պրոդուկտների զարգացման բաժնի պետ Արթուր Մխիթարյանը:

Իսկ բանկի գործադիր տնօրեն Տիգրան Դավթյանը նկատել է, որ «այս ծրագիրը նորություն է Հայաստանում»:

Կատարելով ցանկացած գնում եւ վճարելով անկանխիկ Կոնվերս բանկի քարտերով` քարտապանները կստանան բոնուսային միավորներ` յուրաքանչյուր ծախսված 1000 դրամի դիմաց 1 միավոր սկզբունքով, իսկ Կոնվերս բանկի POS-տերմինալի միջոցով վճարում կատարելու դեպքում` յուրաքանչյուր 1000 դրամի դիմաց տրված բոնուսը կկազմի 1.5 միավոր:

Անկանխիկ գործարքներից բացի «Կոնվերս միավորները» կուտակվում են համացանցում կատարված on-line վճարումներից, իսկ կոմունալ ծառայությունների դիմաց վճարումները մասնակցում են ծրագրին հետեւյալ դեպքերում. երբ այն իրականացվում է Կոնվերս բանկի բանկոմատի միջոցով, երբ Կոնվերս բանկի քարտը գրանցված է որպես վիրտուալ քարտ http://www.arca.am/ կայքում եւ այնտեղից է կատարվում կոմունալ վճարումը:

Կուտակված միավորները չեն կարող փոխանակվել դրամով կամ փոխանցվել այլ անձի, դրանք քարտատիրոջ կողմից կարող են փոխարինվել ապրանքներով կամ ծառայություններով, որոնց ցանկը ներկայացված կլինի blog.conversebank.am հասցեով: Կուտակած միավորների նվազագույն քանակը պետք է լինի 500, որի դեպքում քարտապանը կստանա ամենամատչելի ապրանքը` գիրք: Ամսվա ընթացքում կուտակած միավորները զրոյանում են, եթե այդ ամսվա գնումների ծավալը չի գերազանցում 50.000 ՀՀ դրամը:

«Բանկն անակնկալ ունի իր քարտապանների համար. թեեւ ծրագիրը մեկնարկում է այսօր, բայց միավորների կուտակումը բանկում սկսվել է մայիսի 1-ից: Այն քարտատերերը, ովքեր նշված ժամանակահատվածում անկանխիկ վճարումներ են արել, կարող են արդեն հաշվել կուտակած միավորները»,-ասել է Կոնվերս բանկի գործադիր տնօրենի խորհրդական Հրանտ Հակոբյանը:

Ծրագիրը նախատեսված է Կոնվերս բանկի կողմից թողարկված բոլոր քարտերի համար, բացառությամբ` չվերականգնվող սահմանաչափով քարտերի, պրեմիում դասի Պլատինում եւ Ինֆինիտի տիպի, կորպորատիվ եւ նվեր քարտերի, ոսկու գրավով քարտերի` բացի այն վարկային քարտերից, որոնց դեպքում բանկը կայացրել է առանձին որոշում գրավային ապահովմամբ քարտ տրամադրելու վերաբերյալ:

← Վերադառնալ ցուցակին