Թեժ գիծ +37410 511 211

Մամուլը մեր մասին

BANKER.AM / Նոր ժամկետային ավանդատեսակներ "Կոնվերս բանկի" ավանդային փաթեթում

18.05.2010

"Կոնվերս բանկ" ՓԲԸ-ն փոփոխություններ է կատարել "Ժամկետային ավանդների ընդունման կարգում"` ավանդային փաթեթը համալրելով ժամկետային նոր ավանդատեսակներով: Մասնավորապես` ներդրվել են "Ոսկե մանուկ", "Բարեկեցիկ ապագա" և "Թոշակ" ավանդատեսակները:

Առաջին անգամ հանրապետության բանկային համակարգում "Կոնվերս բանկ" ՓԲԸ-ն ներդնում է նոր` "ՈՍԿԵ ՄԱՆՈՒԿ" երկարաժամկետ կուտակային ավանդ` առարկայազուրկ ոսկով: Անչափահաս երեխաների անունով կուտակային ավանդն ընդունվում է ավանդատուի օրինական ներկայացուցչի կողմից, որը հնարավորություն է ընձեռում քաղաքացիներին` իրենց երեխաների բարեկեցիկ ապագան ապահովել դեռ մանուկ հասակից: "ՈՍԿԵ ՄԱՆՈՒԿ" երկարաժամկետ կուտակային ավանդն ընդունվում է ներդրվող 999.9 հարգի ոսկու քանակի տվյալ օրվա գնին համարժեք ՀՀ դրամով: Ավանդի ժամկետը` 5-16 տարի, տարեկան տոկոսադրույքը`0: Ավանդի պայմանների համաձայն` ավանդատուի օրինական ներկայացուցիչը կարող է ավանդը պարբերաբար համալրել: Ավանդի ժամկետի վերջում ավանդատուն կարող է ստանալ տարիների ընթացքում կուտակված ոսկու քանակին համարժեք գումարը` տվյալ օրվա ոսկու փոխարժեքով, կամ պատվիրել համապատասխան քաշի ոսկու ստանդարտացված ձուլակտոր:

"ԲԱՐԵԿԵՑԻԿ ԱՊԱԳԱ" ավանդը հնարավորություն է ընձեռում կենսաթոշակային տարիքի բարեկեցության մասին հոգ տանել դեռևս երիտասարդ տարիքում: Ավանդատուները կարող են ներդնել նվազագույնը 50 000 դրամ կամ 200 ԱՄՆ դոլար և ամսական պարբերականությամբ ավելացնել առավելագույնը 100 000 ՀՀ դրամ կամ 300 ԱՄՆ դոլար: "ԲԱՐԵԿԵՑԻԿ ԱՊԱԳԱ" ավանդն ընդունվում է տարեկան "Կոնվերս բանկի" հաշվարկային տոկոսադրույք (ներկայումս 10 տոկոս) գումարած 5 տոկոս տոկոսադրույքով: "Կոնվերս բանկի" հաշվարկային տոկոսադրույքը փոփոխական է և վերանայվում է ամիսը մեկ անգամ: (Այն հրապարակվում է բանկի ինտերնետային կայքում և տեղադրվում է բանկի սպասարկման սրահներում):

Ավանդի ժամկետը բաղկացած է 2 մասից` կուտակման և բաշխման: Կուտակման ժամկետն առնվազն 10 տարի է: Կուտակման ժամկետի ավարտին ավանդատուն իր ցանկությամբ կարող է ամբողջ գումարը ստանալ միանգամից, կամ սահմանել բաշխման ժամկետ և կուտակված գումարը իր նախընտրած ժամանակացույցով ստանալ հավասարաչափ բաշխմամբ: Ընդ որում բաշխման ժամկետի ընթացքում մնացորդային արժեքի վրա կշարունակվի տոկոսների հաշվարկը:

"ԹՈՇԱԿ" ավանդն ուղղված է հասուն տարիքի քաղաքացիներին, ովքեր ստանում են ամսական թոշակ և ցանկանում են մեկ տարվա ընթացքում որոշակի գումար կուտակել: "ԹՈՇԱԿ" ավանդի նվազագույն գումարը 10 000 դրամ է, ամսական կուտակման առավելագույն գումարն առաջին անգամ ներդրված գումարի հնգապատիկը: Ավանդի ժամկետը 1 տարի է: Այս ավանդատեսակի տոկոսադրույքը ներկայումս 13 տոկոս է: Ամիսը մեկ անգամ հաշվարկված տոկոսները հաշվեգրվում են ավանդի մնացորդի վրա կամ հաշվին` ըստ հաճախորդի ցանկությամբ: Ավանդի ժամկետի վաղաժամկետ դադարեցման դեպքում` կատարվում է վերահաշվարկ` տարեկան 6 տոկոս տոկոսադրույքով:

Փոփխություններ է կատարվել նաև բանկում գործող "Պրոգրես", "Կարաս" ավանդատեսակներում, մասնավորապես նվազեցվել է դրանց ներդրվող գումարի նվազագույն շեմը. նախկինում սահմանված 100 000 դրամի փոխարեն` սահմանվել է 30 000 դրամ:

Հիշեցնենք, որ "Կոնվերս բանկում" ներկայումս գործում են "Պրոգրես", ավելացման իրավունքով "Կարաս", երեխաների անունով կուտակային "Մանուկ", "Ոսկե մանուկ", "Օրական", "Թոշակ" և "Բարեկեցիկ ապագա" ավանդատեսակները:

http://banker.am/news.php?lang=1&color=b&news_cat_id=8&news_id=9464

BANKER.AM

← Վերադառնալ ցուցակին