Թեժ գիծ +37410 511 211

Մամուլը մեր մասին

Կոնվերս բանկն անցնում է վարկավորման պահպանողական-ագրեսիվ մեթոդին

20.08.2012

Արմինֆո. Հայաստանում իրավիճակը բանկային համակարգում աստիճանաբար բարելավվում է: Արժանավայել կերպով դիմակայելով ճգնաժամին շահութաբերության կորստով՝ երկրի առևտրային բանկերը ստիպված էին լրջորեն վերանայել բիզնեսի գործընթացների և ռիսկերի գնահատման նկատմամբ իրենց մոտեցումները: Բավական լուրջ աշխատանք է իրականացվել նաև Հայաստանի ամենամեծ բանկերից մեկում` Կոնվերս բանկում, որտեղ գործադիր ղեկավարության նոր թիմը նախորդ տարվանից ձեռնամուխ է եղել շուկայում իր դիրքերի ամրապնդմանը: Արմինֆոյի թղթակիցը հանդիպեց Կոնվերս բանկի վարչության նախագահ Տիգրան Դավթյանի հետ և վերջինիս խնդրեց կիսվել բիզնես միջավայրի վերաբերյալ իր ծրագրերի և գնահատականների շուրջ:


Պարո՛ն Դավթյան, կարծում եմ՝ այսօր բանկերի առջև ծառացած կարևորագույն խնդիրներից է տնտեսության վիճակի ճիշտ կանխագուշակումը, արդյունքում՝ նաև վարկային ռիսկերի կառավարման խնդիրը: Դուք փողի հետ աշխատում եք իրական ժամանակում, իսկ ինչպիսի՞ն է այդ ժամանակը ձեր գնահատմամբ: Որքանո՞վ է այն վտանգավոր փողի համար: Բանկերը դեռևս պայքարում են պորտֆելների վիճակը բարելավելու համար, այնուամենայնիվ, ակներև է դրական դինամիկան: Հարցն այն է, թե ինչպես և որտեղից ֆինանսական բանկերը կարող են և պետք է եկամուտ ստանան այն դեպքում, երբ շուկան դեռևս հեռու է նախաճգնաժամային վիճակից:

Սկզբունքորեն դուք ճիշտ եք, և կարծում եմ, որ այն ճգնաճամը, որ այդքան սուր անդրադարձավ մեր երկրի վրա, դեռ ետևում չէ: Ամեն դեպքում դեռևս ակնառու են դրա հետևանքները: Սակայն կարևոր է, որ բանկերը արդեն հարմարվել են այդ պայմաններում աշխատելուն: Ես մեծ հույս ունեմ, որ էլի մի ալիք չի գա Եվրոպայից, ինչպես կանխատեսում են շատ միջազգային դիտորդներ, քանի որ դրան շատ ավելի դժվար կլինի հարմարվել: Չէ՞ որ ըստ մեր արտաքին տնտեսական կոնյունկտուրայի, եվրոպական շուկաները բավական մոտ են, և, ի տարբերություն առաջին ամերիկյան ալիքի, եվրոպական ալիքը մի քանի բալով ավելի ուժգին կլինի: Այսօր մենք պետք է ստեղծենք այնպիսի պայմաններ, որոնք հնարավորինս կաջակցեն դիմագրավելու գալիք սպառնալիքին:

Խոսքը ոչ միայն բանկերին, այլև բանկի հաճախորդներին է վերաբերում: Մեր հաճախորդների բազայից պարզորոշ երևում է, որ այն կազմակերպությունները, որոք հարմարվել են աշխատել ճգնաժամի պայմաններում, շատ արագ ու գրագետ փոխել են ներքին գործընթացները, շուկայական կողմնորոշումը և այլն, ինչի շնորհիվ միայն ամրապնդել են իրենց դիրքերը շուկայում, սակայն նրանց մոտ, որոնք շարունակում են աշխատել ինչպես նախկինում, նկատելի է բիզնեսի վատթարացում և շահութաբերության անկում: Խոշոր բիզնեսը նախքան ճգնաժամը ի սկզբանե ստեղծվել է որոշակի «ճարպային շերտով», «Ճարպային պաշարով», որի շնորհիվ էլ այն կարողացել է դիմանալ, և, փաստորեն, այսօր վատ չի աշխատում: Միևնույն ժամանակ ճգնաժամը փաստացի խթանել է բիզնեսի ամրապնդման գործընթացին և կենտրոնացմանը խոշոր կազմակերպությունների շուրջ: Ինչպես տնտեսության, այնպես էլ բանկերի համար դա բացասական միտում է, քանի որ միջին և փոքր բիզնեսներին էլ հարկ է աշխատելու հնարավորություն տալ, քանի որ վերջիններս են ուժեղ երկրների հիմնական շարժիչ ուժը:

Անշուշտ, հենց դրանով էլ դեֆորմացվում է մրցակցային դաշտը, քանի որ դրան է նպաստում կապիտալի կենտրոնացումը:

Որպես բանկային ոլորտի մասնագետ՝ ես դա զգում եմ: Այդ իսկ պատճառով մենք ի՞նչ արեցինք: Մենք վերանայեցինք ռիսկերի կառավարման փիլիսոփայությունն ընդհանրապես և դրա հիմքում դրեցինք վարկավորման պահպանողական-ագրեսիվ մեթոդը: Ինչքան էլ որ առաջին հայացքից տարօրինակ և անեհթեթ հնչի, ես այդ մոտեցումն այդպես էլ կբնութագրեի: Կարծես թե մենք փորձում ենք շատ ագրեսիվ լինել վարկավորման հարցում, սակայն միևնույն ժամանակ, դրան զուգահեռ, մենք բավական խստացրել ենք պահանջները հաճախորդների նկատմամբ` ստեղծելով ռիսկերի կառավարման նոր փիլիսոփայություն: Նոր փիլիսոփայությամբ մենք կառուցվածքային և ընթացակարգային առումով կատարելագործել ենք ներքին նորմատիվները, փոխել և մասնագիտորեն ամրապնդել ենք վարկավորման համար պատասխանատու կադրային կազմը: Այսօր մեր յուրաքանչյուր վարկային մասնագետ պատասխանատվություն է կրում որոշակի ռիսկի համար: Մենք ներմուծել ենք այնպիսի հասկացողություն, ինչպիսին է գործող վարկերի մշտական մոնիթորինգը, ինչպես նաև ստեղծել և գործի մեջ ենք ներգրավել վերլուծաբանների մի խումբ: Այս խումբն էլ հենց պատասխանում է այն հարցին, որ դուք ինձ տվեցիք հարցազրույցի սկզբում: Ամեն շաբաթ երկու տիպի վերլուծություն է իրականացվում: Նախ և առաջ մենք մեծացրել ենք սթրես թեստերի նկատմամբ պահանջները, և դրանց անցկացումը մշտական բնույթ է կրում, այնուհետև իրականացվում է մակրոտնտեսության, ինչպես նաև ըստ տնտեսության սեկտորների զարգացման միտումների և հաճախորդների վերլուծություն: Շատ հետաքրքիր աշխատանք է կատարվում, նման միկրո ԳՀԻ-ում իրականացվող աշխատանքին, որտեղ մշտապես տեղի են ունենում ուղեղային գրոհներ, քննարկումներ և այդ վերլուծությունների հիման վրա կայացվում են որոշումներ: Բացահայտվում են նոր ռիսկեր և դրանց կառավարման անհրաժեշտությունից ու ստացված արդյունքներից կախված` ճշգրտվում են վարկային քվոտաները ըստ այս կամ այն ճյուղի, հնարավորինս դիվերսիֆիկացվում է պորտֆելը: Հենց սա էլ՝ ռիսկերի կառավարման լավ թիմի ստեղծումը, հանդիսացավ մեր հաջողության գրավականը նախորդ տարի: Ինչպես ասացի, մեծ ուշադրություն է հատկացվում սթրես թեստերին, հատկապես ըստ պորտֆելների: Այսպիսով, եթե, օրինակ, տնտեսության մեջ նկատվեն անշարժ գույքի գնի աճի կամ անկման միտումներ կամ սկսվի փոխարժեքի երկարաժամկետ աճ, ապա սթրես թեստերը հնարավորություն կընձեռեն պատրաստ լինել ամեն ինչի: Այնպես որ, չնայած մենք մեզ հաշիվ ենք տալիս, որ ճգնաժամը դեռ ետևում չէ, կատարվող աշխատանքները մշտապես ուղղված են այդ խնդիրների լուծմանը:

Սակայն, եթե չեմ սխալվում, նույնիսկ ճգնաժամի ժամանակ և դրա ամենաթեժ շրջանում բանկը չի դադարեցրել վարկավորման գործընթացը:

Այդպես էլ կա, ճգնաժամի սկզբից ևեթ` 2008թ.-ից, մենք մի րոպե անգամ չենք դադարել վարկավորումը` մշտապես փորձելով ճիշտ գնահատել ռիսկերը: Մենք հասկանում էինք, որ հարցը սուր չի դրված` դադարեցնել վարկավորումը և վերջ: Դադարել վարկեր տրամադրել, նշանակում է կորցնել շահույթ և կրճատել նորմատիվները: Դա վտանգավոր է և չարդարացված, այդ իսկ պատճառով հարկ է ճիշտ կառավարել ռիսկերը: Ինչպես նախկինում, այնպես էլ հիմա մեզ մոտ գործում է վարկավորման ողջ շարքը, և մենք փորձում ենք հետ չմնալ մեր մրցակիցներից, այլ ընդհակառակը, մշտապես շուկա ներմուծել նոր վարկային պրոդուկտներ: Կարծես թե ստացվում է:

Ոչ որպես զուտ հաճոյախոսություն հարկ է նշել, որ ճգնաժամի ընթացքում ողջ բանկային համակարգում գրեթե սառեցվել էր ավտովարկավորումը, սակայն ոչ ձեզ մոտ: Արդյոք արժե՞ր ռիսկի դիմել։

Այո՛, մենք չենք դադարեցրել ավտովարկավորումը, ավելի՛ն, մենք կնքել ենք նոր պայմանագրեր ավտոմեքենաների դիլերների հետ և նույնիսկ մի մասնաճյուղ ենք բացել, որտեղ սպասարկում են ռուսական «Լադա», գերմանական «Օպել» և կորեական «Հոնդա» մակնիշի մեքենաների վաճառքով զբաղվող դիլերներին: Մենք շարունակում ենք աշխատել ավտովարկավորման ոչ միայն առաջնային, այլև երկրորդային շուկայում: Մենք մշակել ենք ռեսուրսներն աստիճանաբար մարումով տրամադրելու «ապառիկ» համակարգ, ինչն արմատապես տարբերվում է ավանդական ապառիկից և՛ իր փիլիսոփայությամբ, և՛ վարկավորման տեխնոլոգիայով: Այս նոր սխեման մենք յուրացրել ենք արտերկրից, և այժմ մեր նոր թիմը տիրապետում է դրան: Իհարկե, այդ համակարգը համալրվել է նաև մեր հայկական մտածելակերպով և մեր իրականությամբ: Վարկավորումը ապրանքի ձեռքբերումն է ապառիկ, ինչը, փաստացի, այսօր բանկային գործում անենառիսկային ոլորտներից է, սակայն մենք դրան էլ ենք գնահատական տվել, ու կարծում եմ, որ չենք սխալվել:

Ինչպիսի՞ն են ձեր գնահատականները և ի՞նչ կանխատեսումներ ունեք բանկի վերաբերյալ։
Իհարկե, ճգնաժամի տարիները դրականորեն չեն ազդել մեր պորտֆելի վրա, քանի որ հաճախորդները որոշակի խնդիրներ ունեին, ինչի հետևանքով էլ ստիպված էինք դուրս գրել անհուսալի վարկեր: Մեր պահպանողական մոտեցումը միանշանակ էր` ռիսկերից խուսափելու համար անհրաժեշտ է վարկերը խիստ դասակարգել, այդ իսկ պատճառով անցած տարի մենք շատ վարկեր ենք փրկել: Մենք մեզ համար որոշեցինք, որ սևը սև է, իսկ սպիտակը` սպիտակ, և իմաստ չկա խաբել ինքներս մեզ և ուրիշներին: Անիմաստ է փորձել ինչ-որ բան թաքցնել, միևնույն է, մի օր ճշմարտությունն անպայման ջրի երես դուրս կգա: Կարևորն այն է, որ մենք ունենք «ճարպային» լավ պաշար, և պետք է աշխատել ու կատարելագործվել: Այս տարի մենք, այնուամենայնիվ, կփորձենք պորտֆելը մեծացնել` հասցնելով այն բարձր մակարդակի և հիմնականում շեշտը կդնենք մանրածախի և ՓՄՁ-ի վրա: Չէի ասի, թե խոշոր կորպորատիվ վարկերը հիմնական բիզնեսի մաս չեն կազմում, իհարկե, մենք գնահատում ենք համագործակցությունը նրանց հետ և կշարունակենք ֆինանսապես աջակցել վերջիններիս զարգացմանը, սակայն հիմնական շեշտը կդրվի մանրածախի վրա` փորձելով լինել բանկ բոլորի համար: Այս ոլորտում նույնպես` ավտովարկավորում, հիփոթեկ, ՓՄՁ վարկավորում, մենք նկատել ենք պորտֆելի էական աճ:

Հայտնի է, որ դուք հանդես եք եկել ագրովարկավորման վերաբերյալ լուրջ հայտարարությամբ: Հատկանշական է, որ կառավարությունը սկսել է ուշադրություն հրավիրել դրան` ներգրավելով միջազգային դոնորներ և զարկ տալով տոկոսադրույքների սուբսիդավորման մեխանիզմին: Ըստ ձեզ, գրավի ապահովման ցածր մակարդակի պայմաններում էլ վարկային ագրոշուկան հեռանկար ունի: Առանց այդ էլ հեշտ չէր դրա հետ գործ ունենալ, առավել ևս հիմա` ճգնաժամի պայմաններում, ագրովարկավորումը դարձել է ավելի ռիսկային և պակաս հեռանկարային:

Մենք ագրովարկեր ենք տրամադրում և՛ միջազգային ծրագրերի շրջանակներում, և՛ մեր սեփական միջոցներից: Տարբերությունը զուտ այն է, որ մեր միջոցներով տրամադրված վարկերի տոկոսադրույքն ավելի բարձր է, քանի որ մեր ներգրաված միջոցներն էականորեն բարձր են: Հարկ է նշել, որ չաշխատող վարկերի առումով ագրոսեկտորը գտնվում է լավ վիճակում, և վարկը չվերադարձնելու հավանականությունը բարձր չէ: Այստեղ կարևորը կարուսել չխաղալն է, ինչը շատ վտանգավոր է բանկերի և գյուղացիների համար: Իսկ եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ գյուղացուն տնից չես կարող վռնդել, այսինքն՝ իմաստ էլ չկա, ապա այստեղ ռիսկերի գնահատումը հատուկ բնույթ է ընդունում, քանի որ գյուղացուն վարկ տալիս բանկը ստանում է միայն ֆորմալ «մերկ» գրավի ապահովումը: Փաստացի տրամադրվում են չապահովված վարկեր: Ահա թե ինչու այս ոլորտում շատ բարդ ու ծախսատար է աշխատել: Այստեղ հատուկ մոտեցում է հարկավոր` սեփական մեթոդները: Մարզերի կենտրոններում մենք ունենք մասնագետներ, որոնք պրոֆեսիոնալ են մոտենում ագրարային ռիսկերի գնահատմանը և հիանալի իրազեկված են տեղանքի իրավիճակի մասին ու տիրապետում են անհրաժեշտ տեղեկատվությանը: Փակագծերը կբացեմ: Ագրոմասնագետների աշխատանքն առաջին հերթին արմատապես տարբերվում է հասարակ վարկային մասնագետի աշխատանքից: Հարկ է իմանալ գյուղական կյանքի բոլոր նրբությունները` սեզոնայնություն, բերքատվություն և այլն: Փաստորեն, այս նորամուծությունների շնորհիվ էլ մենք մտադիր ենք աստիճանաբար մեծացնել մեր ագրոպորտֆելը` հաշվի առնելով նաև ռիսկերի դիվերսիֆիկացումը: Հարկ է նշել, որ ագրովարկի պահանջարկը երկրում այնքան էլ մեծ չէ, վարկունակ հաճախորդների թիվն էլ այդքան մեծ չէ, և երբ վերջիններս դիտարկվում են ռիսկի գնահատման տեսանկյունից, շատերը հեշտությամբ դուրս են մնում ցուցակից: Այսօր հիմնականում վարկ են վերցնում տնամերձ շինությունների բարեկարգման և կառուցապատման, բանջարանոցային ջերմոցների կառուցման նպատակով: Կան նաև ընտանի կենդանիների ձեռքբերման համար ամհրաժեշտ վարկեր: Մի խոսքով՝ մասշտաբներն այնքան էլ մեծ չեն:

Դատելով, թե ինչ շահույթ կարող է բերել անասնաբուծության մեջ ներդրված կապիտալը, թվում էր, թե այդ ոլորտը պետք է լիներ վարկային ռեսուրսների կարևոր սպառող:

Մեզ պակասում է մասշտաբային մոտեցումը: Խոշոր անասնաբուծական ֆերմաների ստեղծումը հեշտ գործ չէ, և կարծում եմ, որ այստեղ անհրաժեշտ է կառավարության միջամտությունն իր պաշտպանիչ մեխանիզմներով: Դա վերաբերում է ոչ միայն անասնաբուծությանը, քանի որ ագրոբիզնեսն ընդհանրապես մեր երկրում պետք է առաջնային նշանակություն ունենա: Անշուշտ, հարկ է զարգացնել արտադրական արդյունաբերության գերակայող ուղղությունները, սակայն գյուղատնտեսությունը պետք է մրցակցությունից դուրս լինի: Սա ոչ միայն արտադրական անվտանգության և ինքնաբավության կամ էլ մակրոտնտեսության տեսանկյունից ներմուծման փոխարինման և արտահանման խնդիր է, այլ նաև խնդիր է, որ առնչվում է գյուղին, միգրացիայի ծավալների կրճատմանն ու այլ հարցերի: Երկրագնդի բնակչությունն աճում է, դրան համընթաց շարունակաբար ընդարձակվում է նաև ագրոարտադրանքի շուկան: Հարկ է այդ ամենը հաշվի առնել աճը կարգավորող և խթանող գործիքները ներդնելիս:

Օրինա՞կ։

Եթե հիշում եք, նախանցյալ տարի երկրում կարտոֆիլի բավական ավելցուկ կար, ինչը բերեց կարտոֆիլի գնի անկման: Այդ ավելցուկը վաճառվեց Վրաստանին: Ֆերմերները որոշեցին ռիսկի չդիմել, և հաջորդ սեզոնին շատերը կարտոֆիլից հրաժարվեցին: Արդյունքում գները բարձրացան` տեղի տալով դեֆիցիտի, ու կարծում եք ինչ տեղի ունեցա՞վ: Մենք գնացինք վրացիների մոտ «մեր իսկ» կարտոֆիլը գնելու: Այս ամենի պատճառն այն է, որ շուկան չի կարգավորվում ո՛չ պետական պահուստների, ո՛չ էլ գնային սահմանափակումների միջոցով: Oրինակ, երբ արտարժույթը կտրուկ աճում է, ԿԲ-ն արտարժույթի շուկայում իրավիճակը հարթում է՝ գործելով սպեկուլյանտների դեմ: Կառավարությունում նույնպես որոշ գերատեսչություններ պետք է ստանձնեն կարգավորող մարմինների դերը: Արդեն վաղուց է, ինչ խոսում ենք սուբսիդավորման մեխանիզմի ներմուծման անհրաժեշտության մասին այն ապրանքների համար, որոնք ավանդաբար աճեցվում են կոնկրետ տեղանքում: Այս սկզբունքով Արարատյան դաշտավայրը հարմար է պտուղբանջարեղենային մշակաբույսերի մշակման համար: Կառավարությունը պատրաստվում էր հենց այդտեղ էլ դրանք սուբսիդավորել: Եթե նույնիսկ ինչ-որ մեկը պատրաստվում է այնտեղ ցորեն ցանել, ապա էլ հույս չի կարող դնել կառավարության վրա, պետք է բոլոր ռիսկերն իր վրա վերցնի և նույնիսկ ԱԱՀ վճարի: Այս կերպ կառավարությունը պլանավորում է ապագա բերքահավաքը, կանխատեսում է ողջ ագրարային սեկտորը, աճին ներգրավում է հողի օգտագործման առկա մեխանիզմները: Իսկ ամաչելու կարիք չկա. եթե գյուղացին չի օգտագործում հողը, անկախ նրանից, թե չի կարող կամ չի ուզում այն մշակել, թող որ այն ուրիշին հանձնի, սակայն միայն այն ժամանակ, երբ կառավարությունը հավասար պայմաններ կստեղծի բոլոր ֆերմերների համար, կկառուցի և կվերականգնի ոռոգման համակարգն ու ՄՏԿ-ն (մեքենատրակտորային կայան)` ապահովելով այդ ծառայությունների հասանելիությունը բոլոր տնտեսությունների համար անխտիր: Այդ ժամանակ էլ կաշխատի տոկոսադրույքների սուբսիդավորման մեխանիզմը: Չէ՞ որ եթե գյուղացին սեզունին ստանում է 1 կամ 2 հազար դոլար վարկ, ապա սուբսիդավորումը փաստորեն ոչինչ չի տալիս` զուտ 20-40 դոլարի խնայողություն: Դրանք չեն կարող էական ազդեցություն ունենալ տնտեսության վրա, և ավելի լավ է այդ գումարները ուղղել ՄՏԿ-ի վերստեղծման խոշոր ծրագրի իրականացմանը:
Խոշոր և միջին բիզնեսի ներկայացուցիչների հետ խոսելիս տպավորություն է ստեղծվում, որ իրենց գործունեության ընթացքում նրանք ամենաքիչը բախվում են այնպիսի դասական շուկայական ռիսկերի, որոնք կարելի է և անհրաժեշտ է կանխատեսել, և որոնք կազմում են վարկային ռեսուրսներ պահանջող բիզնես ծրագրերի հիմքը: Նրանք մեծամասամբ բախվում են անկանխատեսելի համակարգային ռիսկերի, ինչպես նաև մրցակից-մենատերերի ուժային ճնշմանը, ստուգող մարմինների կամայականությունների, հարկային վարչարարության անհավասար «իրավունքների», մաքսային խոչընդոտների և այլն: Նման պայմաններում մենք խոսում ենք ՓՄՁ-ի զարգացման մասի՞ն: Որպես բանկային ոլորտի մասնագետ դուք զգո՞ւմ եք այդ իրավիճակը:

Անշո՛ւշտ, այս ամենի նկատմամբ շատ զգայուն են մեր հաճախորդները: ՓՄՁ-ի ղեկավարները բողոքում են, որ հավասար հարթության վրա չեն գտնվում մենատերերի կամ այն մարդկանց հետ, որոնք գերակայում են շուկայում, նրանց անհանգստացնում են հարկային մարմինները, այլ ստուգող մարմինները և մաքսային մարմինները: Այս ամենն ազատ մրցակցության բացակայության, շուկայի գերծանրաբեռնվածության և այնտեղ մուտք գործելու անհնարինության պայմաններում խիստ դեֆորմացնում է տնտեսությունը: Մի մասը հարկեր վճարում է, մյուսները` ոչ: Դա ի՞նչ մրցակցություն է: Ով չի վճարում, ավելի մատչելի գներով է ապրանքն իրացնում և ժամանակի ընթացքում շուկայում թափ հավաքելով դառնում է մենատեր: Սա է իրականությունը, և այս ամենը, իհարկե, բանկերին խիստ խանգարում է նաև բաժանել ու ճիշտ տեղաբաշխել իրենց միջոցները: Իմ կարծիքով՝ ՓՄՁ-ն տնտեսական ակտիվության հիմնական աղբյուրն է, և եթե այն բավականաչափ զարգացած չէ, ապա տնտեսությունը առողջ չէ:

Երկար փողերի հետ կապված խնդիրը պետք է երկրի ներսում փնտրել: Ոչ շատ վաղուց մենք ականատես եղանք դրա մասնակի լուծմանը պարտադիր ապահովագրության, մասնավորապես՝ ԱՊՊԱ-ի ներմուծմամբ: Կարծես թե այնքան էլ չի ստացվում: Այժմ երկար փողերի աղբյուր է համարվում գալիք կենսաթոշակային բարեփոխումը` անցումով պարտադիր կուտակային կենսաթոշակի:

Երկար փողերի խնդիրը Հայաստանի բանկային համակարգի ամենալուրջ խնդիրներից է: Այս խնդիրը կապված է բանկային ռիսկերի հետ հետևյալ պատճառով: Այսօր ներգրաված միջոցների միջին ժամկետը չի գերազանցում 18 ամիսը: Ավանդները հիմնականում ներդրվում են մեկ տարվա կտրվածքով: Իսկ ո՞վ է մեկ տարով վարկ վերցնում: Շատ քչերը: Հիմնականում վարկեր վերցնում են 5 տարվա կտրվածքով, իսկ հիփոթեկային վարկերի ժամկետը, իհարկե, ավելի երկար է: Դա բոլոր բանկերի հիվանդությունն է: Սակայն եթե, ինչպես ասում են, խնդիրն ավելի մանրակրկիտ ուսումնասիրենք, ապա կհասկանանք, որ դա տնտեսության խնդիրն է: Դուք պետք է որ հիշեք սեփականաշնորհման գործընթացը, որի ընթացում պարտադիր կերպով ստեղծում են այնպիսի ենթակառույցներ, ինչպիսիք են ներդրումային ֆոնդերը: Սակայն, ո՛չ մեր դեպքում: Այդ դեպքում ինչո՞վ պետք է աշխատեն ենթակառույցները, եթե գործիքներ չկան: Առանց գործիքների ու շուկայի մասնակիցների ստեղծվել է արժեթղթերի գծով շատ ագրեսիվ հանձնաժողով՝ սրանով իսկ հասցնելով վերջին հարվածը շուկային: Ինչ վերաբերում է ներդրումային կազմակերպություններին, ապա վերջիններս աշխատում են պետական արժեթղթերի մարժայի վրա: Չկան վենչուրային ֆոնդեր, չկա փոխադարձ հիմնադրամ, չկան նաև կենսաթոշակային ֆոնդեր: Ոչ մի տեղից հնարավոր չէ վերցնել երկար փողեր: Հույսներս դրել էինք ապահովագրողների վրա` չստացվեց: Ապահովագրողները ապահովագրավճարներից գոյացած պաշարները որպես ավանդ ներդնում են միայն մեկ տարով, ոչ ավելի, քանի որ պայմանագրերը մեկամյա են: Ավելին, ապահովագրողներն այս գումարները ներդնում են միայն յուրաքանչյուր անհրաժեշտության դեպքում այն հետ ստանալու պայմանով, չնայած Քաղաքացիական օրենսգրքում համապատասխան նորմն իրավաբանական անձանց վրա չի տարածվում: Մենք փորձում ենք ինքներս լուծել այս խնդիրը, մանավանդ որ, բարեբախտաբար, կառավարությունը բանկերին ընձեռել է նման հնարավորություն` որոշում ընդունելով կամավոր կուտակային կենսաթոշակային համակարգի վերաբերյալ: Այսպիսով, Կոնվերս բանկը առաջինն է շուկա ներմուծել իր փիլիսոփայությամբ բավական հետաքրքիր մի գործիք` կուտակային կենսաթոշակային ավանդ:
Հարկ է հիշել, որ այս սխեմայում հնարավոր է ներդնել երեք տեսակ կենսաթոշակային խնայողություններ` պարտադիր, կամավոր և կամավոր կուտակային: Քանի դեռ չկա կենսաթոշակային ֆոնդ, մենք որոշել ենք այս համակարգը բանկում ստեղծել: Դա նշանակում է, որ դու հիմա սկսում ես միջոցներ կուտակել և այն չես կարող օգտագործել մինչև թոշակի անցնելը: Հուսով եմ, որ մարդիկ կհասկանան, կհավատան և կօգտվեն այս գործիքից: Այս ավանդի համար առաջարկվում է շատ բարձր տոկոսադրույք` տարեկան 14%, քանի որ խոսքը երկարաժամկետ ներդրման մասին է: Ընդ որում` տոկոսադրույքն անփոփոխ չէ, քանի որ ամեն տարի այն ճշգրտվում է ըստ բանկում գործող տոկոսադրույքի: Եթե հաջորդ տարի տոկոսադրույքը կազմի 12%, ապա կենսաթոշակային ավանդի տոկոսադրույքը կաճի 3 միավորով` հասնելով 15%-ի: Այսպիսով, գործիքը ճշգրտվում է շուկայում փողի արժեքով և արժեզրկման միտումով: Կարևոր է, որ ավանդի վրա տարածվում է եկամտահարկի օրենքի վերաբերյալ նորմը: Այսպիսով, 100 հազար աշխատավարձի 5 հազարը որպես կենսաթոշակային ավանդ ներդնելու դեպքում եկամտահարկը գանձվում է ոչ թե 100 հազար դրամից, այլ 95 հազարից: Փաստորեն, հաշվի առնելով բարդ տոկոսի հաշվարկը` տարիների ընթացքում կուտակվում է շոշափելի գումար: Ի տարբերություն դասական կենսաթոշակային կուտակային խնայողությունների, ավանդի տարեկան վճարը փոխանցվում է ժառանգներին:

Կա նաև այլ նմանատիպ, սակայն զուտ բանկային գործիք` «Բարեկեցիկ ապագա» ավանդը, որի տարեկան տոկոսադրույքը կազմում է 12% ԱՄՆ դոլար, ինչը բավական բարձր է: Պրոդուկտի յուրահատկությունն այն է, որ կազմված է երկու բաղկացուցիչ մասից` կուտակում և տեղաբաշխում: Ավանդատուն կարող է 10 տարի գումար կուտակել, իսկ 10 տարի անց այս միջոցները կվերադարձվեն որպես հավելում աշխատավարձին, կենսաթոշակին և այլն: Մեկ այլ նոր պրոդուկտ է «Մանուկը», ինչը նախատեսված է 16 տարվա կտրվածքով: Այստեղ գործում է միևնույն մեխանիզմը: Ավանդը ժամանակից շուտ հետ պահանջելու դեպքում տոկոսադրույքը հաշվվում է 7%-ով, իսկ ողջ 16 տարով ավանդը ներդնելիս, այսինքն՝ մինչ այն պահը երբ հարկ կլինի ներդրում կատարել երեխայի կրթության մեջ, գումարվում է ևս 5%:

Վերը նշված ավանդային պրոդուկտների օգնությամբ մենք հուսով են գոնե մասամբ լուծել երկարաժամկետ ռեսուրսների խնդիրը: Սակայն սա նույնպես կախված է երկրում տնտեսական վիճակի կայունությունից: Մարդիկ դեռ չեն կարող վստահ լինել վաղվա օրվա համար, նրանք չունեն բավականաչափ սոցիալական և աշխատանքային երաշխիքներ:

Այո՛, այդ պրոդուկտներն այնքան էլ բանկային չեն, չնայած շատ գրավիչ են: Ինչպե՞ս եք դուք պատրաստվում կառավարել, օրինակ, կենսաթոշակային ավանդը:


Մենք նման նպատակ չենք էլ հետապնդում: Այս կերպ մենք ներգրավում ենք երկարաժամկետ ռեսուրսներ և դրանք օգտագործում՝ տեղաբաշխելով վարկերում և այլ շահութաբեր վարկային գործիքներում: Իսկ ինչ վերաբերում է դասական պարտադիր կուտակային կենսաթոշակային խնայողությանը, ապա դրա համար պետք է ստեղծվեն կենսաթոշակային հիմնադրամներ և հիմնադրամի կառավարիչներ: Դա շատ բարդ բիզնես է, և ես կարծում եմ, որ վերջինիս զարգացման համար երկրում պետք է ներգրավել փորձառու միջազգային կազմակերպություններ, որոնք մասնագիտացված կլինեն կենսաթոշակային ակտիվների կառավարման ոլորտում: Սակայն այն հարցին, թե նրանք ինչպես են կառավարելու այդ ակտիվները, պատասխան չկա: Նրանք դեռ ստիպված կլինեն պարզապես միջոցներ ներդնել բանկային ավանդներում և արժեթղթերում, ինչպես նաև AAA վարկանիշ ունեցող միջազգային կազմակերպություններում: Սրանով էլ դեռևս սահմանափակվում են գործիքները: Սակայն ես հուսով եմ, որ դեռևս....

Շնորհակալություն անկեղծ զրույցի համար

Էմանուիլ Մկրտչյան

← Վերադառնալ ցուցակին