Ս.թ. մարտի 25-ին, Արամ Խաչատրյանի տուն թանգարանում տեղի ունեցավ մամուլի ասուլիս՝ նվիրված Կոնվերս Բանկի 20-ամյակին:
Ասուլիսի ընթացքում ներկայացվեցին Բանկի վերջին տարվա հիմնական նվաճումները: Կոնվերս Բանկի գործադիր տնօրեն Տիգրան Դավթյանն իր խոսքում նշեց, որ հիմնադրման օրվանից ի վեր Կոնվերս Բանկին հաջողվել է կայունորեն զարգանալ տնտեսական տարբեր փուլերի ընթացքում՝ այսօր արդեն հաստատվելով որպես Հայաստանի Հանրապետության առաջատար բանկերից մեկը: Վերջին մեկ տարվա ընթացքում Բանկի հաճախորդների թվաքանակն ավելացել է ավելի քան 40%-ով, գերազանցելով նախորդ տարվա համար պլանավորած ցուցանիշը: Մանրածախ բանկային ծառայությունների ոլորտում Բանկի ակտիվ գործունեության և հաճախորդների ցուցաբերած բարձր վստահության մասին է վկայում նաև տրամադրած պլաստիկ քարտերի գրեթե 90 տոկոս աճը, որոնց քանակն արդեն իսկ գերազանցել է 100,000-ի սահմանագիծը:
Բանկն իր բազմատեսակ ու որակյալ ծառայությունների հետ մեկտեղ հաճախորդներին մշտապես առաջարկում է շփման նորանոր եզրեր՝ ոչ միայն ֆինանսական, այլև սպորտային ժամանցային ու մշակութային ոլորտներում: Հաշվի առնելով, որ այս տարի լրանում է հայ մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի 110-ամյակը, Բանկն իր հոբելյանական տարվա ծրագրում նախատեսել է մի շարք միջոցառումներ՝ նվիրված աշխարահռչակ հայ կոմպոզիտորին: Մասնավորապես, ծրագրի շրջանակներում Կոնվերս Բանկը կհամագործակցի Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի տնօրինության և Արամ Խաչատրյանի անվան եռյակի հետ՝ նպաստելով մեծանուն կոմպոզիտորի թողած հարուստ երաժշտական ժառանգության պահպանմանն ու տարածմանը:
Արամ Խաչատրյանի եռյակի երաժիշտները աչքի են ընկնում բարձր պրոֆեսիոնալիզմով և կատարման կուլտուրայով: Նրանց վիրտուոզ կատարման, խոր երաժշտականության և ոճի նուրբ զգացողության շնորհիվ Արամ Խաչատրյանի անվան եռյակն այսօր հայտնի է ոչ միայն Հայաստանում, այլև աշխարհի տարբեր երկրներում: Հատկանշական է, որ եռյակը զբաղվում է նաև լուսավորչական գործունեությամբ՝ վարպետության դասեր անցկացնելով ՀՀ մարզերի դպրոցականների և ուսանողների հետ:
Կոնվերս Բանկի հոբելյանական տարին մեկնարկող ասուլիսն ավարտվեց Արամ Խաչատրյանի անզուգական Վալսով՝ Արամ Խաչատրյանի անվան եռյակի կենդանի կատարմամբ: