Թեժ գիծ +37410 511 211

Սոցիալական փաթեթների հաշիվներ

Սոցիալական փաթեթ

Սոցիալական փաթեթը (այսուհետ՝ ՍՓ) շահառու հանդիսացող անձանց կամ նրանց ընտանիքների անմիջական անդամների (ամուսին, ծնող, զավակ, որդեգրող, որդեգրված, խնամակալության կամ հոգաբարձության տակ գտնվող անձ, տատ, պապ, թոռ, համատեղ բնակվող եղբայր, քույր) առողջապահական, սոցիալական, կրթական և այլ խնդիրների լուծմանն ուղղված միջոցառումների համախումբ է: ՍՓ-ի հաշիվը «Կոնվերս Բանկ» ՓԲԸ-ում (այսուհետ՝ Բանկ) բացվող հատուկ հաշիվ է, որին փոխանցվում են շահառուին հատկացվող ՍՓ-ի գումարնեը: Շահառու են հանդիսանում ՀՀ Կառավարության 2012թ. դեկտեմբերի 27-ի N1691-Ն որոշմամբ սահմանված ՍՓ-ից օգտվելու իրավունք ունեցող աշխատողները:

Սոցիալական փաթեթի ծառայություններ

I. Հայաստանի Հանրապետությունում հանգստի ապահովում
II. Հիփոթեքային վարկի ամսական վճարի մարում
III. Ուսման վճարի փոխանցում
IV. Առողջապահական փաթեթի մեջ չներառված լրացուցիչ ծառայություններից օգտվելու վճարի մարում
V. Մարզա-առողջարարական և սպորտային համալիրների, լողավազանների և այլ սպորտային կազմակերպությունների ծառայություններից օգտվելու վճարի մարում
VI. Պետական սուբսիդավորմամբ ուսանողական վարկի ամսական վճարի մարում

Շահառուի հայեցողությամբ "Հայաստան" համահայկական հիմնադրամին փոխանցումներ կարող են կատարվել մինչև 2021թ. հոկտեմբեր ամսվա ՍՓ-ի գումարների սահմաններում:

Ընդհանուր դրույթներ և պայմաններ

I. Հայաստանի Հանրապետությունում հանգստի ապահովում

Հանգստի ապահովման ծառայության մեջ ընդգրկվում են ՀՀ-ում և ԱՀ-ում գրանցված, ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտեի կողմից հաշվառված, ՍՓ-ի հանգստի ապահովման ծառայության հաշվետվական էլեկտրոնային համակարգում ընդգրկված և ՀՀ էկոնոմիկայի նախարարության պաշտոնական ինտերնետային կայքում հաշվառված զբոսաշրջային օպերատորները՝ https://www.mineconomy.am/page/177

Սույն ծառայությունից կարող են օգտվել շահառուն կամ նրա ընտանիքի անմիջական անդամները:

II. Հիփոթեքային վարկի ամսական վճարի մարում

Շահառուն կամ նրա ընտանիքի անմիջական անդամ/ներ/ը՝ վարկառու կամ հիփոթեքային վարկի համավարկառու` բնակարանի (անհատական բնակելի տան) սեփականատեր (համասեփականատեր) հանդիսանալու դեպքում իրավունք ունի օգտվելու գույքի ձեռքբերման (այդ թվում՝ գնման իրավունքով) կամ կառուցապատման նպատակով տրամադրված հիփոթեքային վարկի ամսական վճարի մարման ծառայությունից։

Սույն ծառայությունից կարող են օգտվել շահառուն կամ նրա ընտանիքի անմիջական անդամները:

III. Ուսման վճարի փոխանցում

Ուսման վճարը կարող է փոխանցվել ՀՀ-ի այն պետական և հավատարմագրված ոչ պետական ուսումնական հաստատություններին, որոնք իրականացնում են հետևյալ կրթական ծրագրերը.
1. բարձրագույն և հետբուհական հիմնական կրթական ծրագրեր,
2. նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական հիմնական կրթական ծրագրեր,
3. հանրակրթական հիմնական ծրագրեր (բացառությամբ մասնագիտացված և հատուկ ծրագրերի),
4. արտադպրոցական դաստիարակության (մանկապատանեկան ստեղծագործական, երաժշտական, գեղարվեստական, գեղագիտական և արվեստի) կրթական ծրագրեր,
5. նախադպրոցական կրթական ծրագրեր:
Վերջիններիս ցանկը հրապարակված է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության պաշտոնական ինտերնետային կայքում՝ https://escs.am/am/category/social-package:

Սույն ծառայությունից կարող են օգտվել շահառուն կամ նրա ընտանիքի անմիջական անդամները:

IV. Առողջապահական փաթեթի մեջ չներառված լրացուցիչ ծառայություններից օգտվելու վճարի մարում

Շահառուների առողջապահական փաթեթի մեջ չներառված լրացուցիչ ծառայություններից օգտվելու վճարի մարման ծառայությունները ներառում են.
1. Շահառուի` բազային առողջապահական փաթեթի շրջանակներում համավճարային եղանակով իրականացվող` ՀՀ-ի առողջապահության նախարարի հրամանով հաստատված հատուկ և դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտությունների համավճարների փոխհատուցում:
2. Ստոմատոլոգիական ծառայություններ (թերապևտիկ և վիրաբուժական).
2.1. ատամի կարիեսի կամ նրա բարդությունների բուժում, այդ թվում` պլոմբավորումը լուսակարծրացող ստանդարտ պլոմբանյութով,
2.2. ատամնաքարերի մաքրում (տարեկան ոչ ավելի, քան մեկ անգամ),
2.3. ատամի հեռացում` ըստ ցուցումների,
2.4. սուր ատամնացավով և թարախային պրոցեսով ուղեկցված։
ՍՓ-ի շրջանակներում հնարավոր է փոխանցում իրականացնել միայն ՀՀ առողջապահության նախարարության պաշտոնական ինտերնետային կայքում հրապարակված` համապատասխան կազմակերպությունների ցանկում ներառված ստոմատոլոգիական ծառայություններ մատուցող կազմակերպություններին։

Սույն ծառայությունից կարող է օգտվել շահառուն, բացառությամբ` զինծառայող, քրեակատարողական և փրկարար ծառայության ծառայող հանդիսացող ՍՓ-ի շահառուների:

V. Մարզա-առողջարարական և սպորտային համալիրների, լողավազանների և այլ սպորտային կազմակերպությունների ծառայություններից օգտվելու վճարի մարում

Սույն ծառայությունից կարող են օգտվել շահառուն կամ նրա ընտանիքի անմիջական անդամները:

VI. Պետական սուբսիդավորմամբ ուսանողական վարկի ամսական վճարի մարում

Սույն ծառայությունից կարող են օգտվել շահառուն կամ նրա ընտանիքի անմիջական անդամները:


Սակագներ

Հաշվի բացում

0 ՀՀ դրամ

Հաշվի տեղեկանքի տրամադրում

0 ՀՀ դրամ

Հաշվի սպասարկում

0 ՀՀ դրամ

Հաշվի մնացորդի նկատմամբ հաշվարկվող տոկոսադրույք

0.1% տարեկան՝ մուտքագրվում է հաշվին եռամսյակը մեկ

Տարեկան տոկոսային եկամտաբերությունը՝

0.1%

Հաշվից կանխիկ դրամի տրամադրում

0 ՀՀ դրամ

Փոխանցումների իրականացում

0 ՀՀ դրամ

Հաշվի փակում

0 ՀՀ դրամ

Տարեկան տոկոսային եկամտաբերություն

Ձեր հաշվում առկա միջոցների նկատմամբ տոկոսագումարները հաշվարկվում են պարզ տոկոսադրույքի հիման վրա, իսկ տարեկան տոկոսային եկամտաբերությունը ցույց է տալիս, թե որքան եկամուտ կստանայիք Դուք, եթե ավանդի դիմաց ստացված տոկոսագումարները կանոնավոր վերաներդրվեին ավանդի տեսքով:
Ավանդի տարեկան տոկոսային եկամտաբերության չափի հաշվարկման համար հիմք է ընդունվում ՀՀ ԿԲ ""Բանկային ավանդների տարեկան տոկոսային եկամտաբերության հաշվարկումը" Կանոնակարգ 8/02"-ով սահմանված բանաձևը.

APY=(1+r/ո)ո-1,

որտեղ`
APY - տարեկան տոկոսային եկամտաբերություն
r - տարեկան պարզ տոկոսադրույք
ո - մեկ տարվա ընթացքում տոկոսագումարների կապիտալացման հաճախականություն

Ուշադրություն

Հաշվեգրման ենթակա տոկոսների դիմաց գանձվում է եկամտային հարկ 10% դրույքաչափով:

Բանկն իրավունք ունի փոփոխելու ցպահանջ ավանդների և բանկային հաշվում եղած դրամական միջոցների համար վճարվող տոկոսների չափը, եթե պայմանագրով այլ բան նախատեսված չէ:

 Սահմանափակումներ

1. Յուրաքանչյուր տարի՝ հավաստող տեղեկանքը ստանալու օրվանից մեկ տարի ժամկետով, ՍՓ-ի ծառայություններից օգտվելու կամ ՍՓ-ի հաշվում առկա դրամական միջոցները կանխիկացնելու իրավունք ձեռք բերելու համար ՍՓ-ի շահառուները (բացառությամբ զինծառայողների, քրեակատարողական և փրկարար ծառայության ծառայողների) պետք է անցնեն պարտադիր բուժզննություն: Սահմանափակումը չի տարածվում այն դեպքերի վրա, երբ շահառուն տվյալ տարում արդեն օգտվել է ՍՓ-ի ծառայություններից և ունի ձևավորված պարտավորություն:
Սույն կետով սահմանաված դրույթները չեն տարածվում աշխատանքից ազատված անձանց վրա, ովքեր ՍՓ-ի հաշվի միջոցներն օգտագործելու պահին չեն հանդիսանում ՍՓ-ի շահառու կամ որևէ հիմքով դադարեցվել է նրանց ՍՓ-ից օգտվելու իրավունքը, ինչի պատճառով չեն անցել պարտադիր բուժզննություն:
2. ՍՓ-ի հաշվի դրամական միջոցները կանխիկացման ենթակա չեն (բացառությամբ 3-րդ կետում նշված դեպքերի), սակայն թույլատրվում է կատարել կանխիկ մուտքագրումներ կամ այլ միջոցներից փոխանցումներ: ՍՓ-ի հաշվից գումարը փոխանցվում է բացառապես Կառավարության որոշմամբ սահմանված և հաստատված չափորոշիչներին համապատասխանող կամ համապատասխան ցանկում ընդգրկված կազմակերպությունների բանկային հաշիվներին:
3. ՍՓ-ի հաշվին առկա ազատ դրամական միջոցները, որոնք ենթակա չեն ուղղման ՍՓ-ի շրջանակներում մատուցված ծառայությունների դիմաց վճարումների, հնարավոր է կանխիկացնել միայն հետևյալ դեպքերում.
3.1. Հաճախորդի՝ կենսաթոշակ ստանալու իրավունք ունենալու և ՍՓ-ից օգտվելու իրավունքը դադարեցվելուց հետո, երբ հաշվին առնվազն երեք ամիս ՍՓ-ի գումարի փոխանցում չեն կատարվել.
Բանկ է ներկայացվում կենսաթոշակի վկայականը կամ կենսաթոշակառու հանդիսանալու մասին լիազոր մարմնի կողմից տրված տեղեկանքը
3.2. Հաճախորդի մահվան դեպքում ժառանգի կողմից՝ ՍՓ-ի հաշվում առկա միջոցներն օրենքին համապատասխան ժառանգաբար նրան անցնելու ժամանակ. Բանկ է ներկայացվում ժառանգության իրավունքի վկայագիրը:
3.3. Համաձայն Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասի՝ ՍՓ-ի հաշվում ընթացիկ տարվա հունվարի 1-ի դրությամբ առկա մնացորդը, բայց ոչ ավելի, քան նախորդ տարվա ընթացքում ստացման ենթակա աշխատավարձից և ձեռնարկատիրական եկամուտներից հաշվարկված ու փոխանցված սոցիալական վճարների չափը, հնարավոր է կանխիկացնել որպես կատարված սոցիալական վճարների փոխհատուցում. Բանկ է ներկայացվում համապատասխան դիմումը:
4. Մեկ բյուջետային տարվա համար բացում է 1 ՍՓ-ի հաշիվ, որը չի կարող փոխվել տվյալ բյուջետային տարվա ընթացքում:
5. ՍՓ-ի հաշիվը կարելի է այլ բանկ տեղափոխել միայն նոր բյուջետային տարում` նախքան ՍՓ-ի ընթացիկ տարվա առաջին գումարի փոխանցումը: Հաշիվը փոխելու դեպքում անհրաժեշտ է նոր ՍՓ-ի հաշվի բացման տեղեկանքը ներկայացնել սպասարկող նախկին բանկ՝ հաշվին առկա դրամական միջոցները տեղափոխելու համար:
6. Աշխատանքից ազատվելու կամ այլ պատճառով ՍՓ-ից օգտվելու իրավունքի դադարեցման դեպքում, ինչպես նաև ՍՓ-ի հաշվում առկա ազատ դրամական միջոցները կանխիկացնելուց հետո ՍՓ-ի հաշվում մնացած (կուտակված) գումարի օգտագործման ուղղությունները մնում են նույնը:
7. ՍՓ-ի գումարները, բացառությամբ 3-րդ կետով սահմանված կանխիկացման դեպքերի, սեփականության իրավունքով շահառուներին չեն պատկանում, այսինքն ԴԱՀԿ կողմից այդ գումարները չեն կարող գրավադրվել, արգելադրվել (դրվել արգելանքի տակ), բռնագանձվել, փոխանցումների սահմանափակում արգելանքի ձևով ևս չի կարող կիրառվել:


Սոցիալական փաթեթի հաշվից փոխանցման համար հիմք հանդիսացող փաստաթղթերի ցանկ

1. Շահառուն և/կամ ընտանիքի անմիջական անդամները ՍՓ-ի ծառայություններից օգտվելու, ՍՓ-ի հաշվում առկա դրամական միջոցները կանխիկացնելու համար պետք է Բանկ ներկայացնեն նույնականացման քարտ կամ անձը հաստատող այլ փաստաթուղթ:
2. Զինծառայողը, քրեակատարողական կամ փրկարար ծառայության ծառայողը Բանկ է ներկայացնում համապատասխան ծառայության ծառայող հանդիսանալու վերաբերյալ փաստաթուղթ կամ պարտադիր բուժզննությունից չօգտվելու վերաբերյալ միասնական տեղեկանք:
3. Կանխավճարի փոխանցման հաշիվ կամ տեղեկանք (այդ թվում՝ ապահովագրական ընկերության կողմից տրամադրված առողջության ապահովագրության վկայագիր), որտեղ արտացոլված են ծառայությունը մատուցող կազմակերպության վավերապայմանները և ծառայությունը ստացող ֆիզիկական անձի տվյալները (անունը, ազգանունը, բնակության վայրը, քաղաքացիությունը, նույնականացման քարտի կամ անձը հաստատող փաստաթղթի այլ տվյալները` համարը, վավերականության ժամկետը, ում կողմից է տրված), ծառայության տեսակը և փոխանցման նպատակը:
4. Հաշվարկային փաստաթուղթ (հարկային հաշիվ կամ ճշգրտող հարկային հաշիվ կամ հաշիվ վավերագիր կամ ճշգրտող հաշիվ վավերագիր), որի վավերապայմանները սահմանված են Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով:
5. ՍՓ-ի հաշիվը փոխելու դեպքում` սպասարկող նոր բանկի կողմից տրված ՍՓ-ի հաշվի մասին տեղեկանք (տեղեկանքում նշված է լինում, որ հաշիվը՝ հանդիսանում է սոցփաթեթի հատուկ հաշիվ):
6. Շահառուի ընտանիքի անմիջական անդամի՝ ՍՓ-ի ծառայություններից օգտվելու դեպքում գումարի փոխանցման համար հիմք հանդիսացող փաստաթղթեր են համարվում.
6.1. ամուսնու դեպքում` ամուսնության վկայականը,
6.2. զավակի դեպքում՝ ծննդյան վկայականը,
6.3. ծնողի դեպքում՝ ծնողի անձը հաստատող փաստաթուղթը և ՍՓ-ի շահառուի ծննդյան վկայականը,
6.4. որդեգրողի, որդեգրվածի, խնամակալության կամ հոգաբարձության տակ գտնվող անձի դեպքում՝ որդեգրելու կամ որդեգրվելու, խնամակալության կամ հոգաբարձության տակ գտնվելու հիմքը հաստատող փաստաթուղթը,
6.5. տատի, պապի դեպքում` շահառուի և ծնողի ծննդյան վկայականները, տատի կամ պապի անձը հաստատող փաստաթղթերը,
6.6. թոռան դեպքում` շահառուի զավակի և թոռան ծննդյան վկայականները,
6.7. համատեղ բնակվող եղբոր կամ քրոջ դեպքում` համատեղությամբ բնակվելու հիմքը հաստատող փաստաթուղթը, ինչպես նաև ծնողի կամ ծնողների անձը հաստատող փաստաթուղթը կամ փաստաթղթերը, շահառուի և եղբոր կամ քրոջ ծննդյան վկայականները:
7. Հիփոթեքային վարկի ամսական վճարի մարման ծառայությունից օգտվելու դեպքում շահառուն կամ նրա ընտանիքի անմիջական անդամը Բանկ է ներկայացնում (եթե վարկը տրամադրված չէ Բանկի կողմից).
7.1. Վարկ տրամադրած ֆինանսական կազմակերպությունից տեղեկանք, որտեղ նշված կլինի.
7.1.1. որ շահառուին կամ իր ընտանիքի անմիջական անդամին տրամադրված վարկը հանդիսանում է գույքի ձեռքբերման (այդ թվում՝ գնման իրավունքով) կամ կառուցապատման նպատակով տրամադրված հիփոթեքային վարկ,
7.1.2. որ շահառուն կամ իր ընտանիքի անմիջական անդամը հանդիսանում է տվյալ վարկի վարկառու կամ համավարկառու,
7.1.3. նշված վարկի մնացորդը տեղեկանքի տրամադրման օրվան նախորդող օրվա դրությամբ,
7.1.4. հաշվեհամարը, որին պետք է փոխանցվի գումարը,
7.1.5. գույքի նույնականացման տվյալները:
7.2. Տվյալ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականը կամ վկայականի պատճենը, որով կհավաստվի ՍՓ-ի շահառուի կամ նրա ընտանիքի անմիջական անդամի՝ բնակարանի (անհատական բնակելի տան) սեփականատեր (համասեփականատեր) հանդիսանալու փաստը:
8. Պետական սուբսիդավորմամբ ուսանողական վարկի ամսական վճարի մարման ծառայությունից օգտվելու դեպքում շահառուն կամ նրա ընտանիքի անմիջական անդամը Բանկ է ներկայացնում վարկ տրամադրած ֆինանսական կազմակերպությունից տեղեկանք, որտեղ նշված կլինի, որ շահառուին կամ նրա ընտանիքի անմիջական անդամին տրամադրված վարկը հանդիսանում է պետական սուբսիդավորմամբ ուսանողական վարկ։

Սոցիալական փաթեթի հաշվի բացման համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկ

Անձը հաստատող փաստաթուղթ և հանրային ծառայությունների համարանիշ (ՀԾՀ) կամ վերջինս չստանալու վերաբերյալ տեղեկանք (չի պահանջվում, եթե հաճախորդը ներկայացնում է նույնականացման քարտ, որտեղ ամրագրված է ՀԾՀ կամ վերջինս չստանալու վերաբերյալ տեղեկանքը):

ՍՓ-ի հաշվի բացման դիմումի ձևը կարող եք գտնել www.conversebank.am կայքում:

Բանկի հետ հաղորդակցման եղանակ

Դուք իրավունք ունեք հաղորդակցվել "Կոնվերս Բանկ" ՓԲԸ հետ Ձեր նախընտրած եղանակով՝ փոստային կապի միջոցով կամ էլեկտրոնային եղանակով: Էլեկտրոնային եղանակով տեղեկատվության ստացումն ամենահարմարավետն է՝ հասանելի է 24/7 ռեժիմով, զերծ է թղթային տեղեկատվության կորստի ռիսկից և ապահովում է գաղտնիություն:

Ծանուցում ավանդների հատուցման երաշխավորման պայմանների և կարգի մասին

Ձեր ավանդի հատուցման երաշխավորողն է Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամը:

Ավանդի արժութային կառուցվածքը

Ավանդի երաշխավորման առավելագույն չափը

Եթե նույն բանկում ունեք միայն դրամային ավանդ

16 միլիոն ՀՀ դրամ

Եթե նույն բանկում ունեք միայն արտարժութային ավանդ

7 միլիոն ՀՀ դրամ

Եթե նույն բանկում ունեք և ՀՀ դրամով, և արտարժույթով ավանդ

Եթե դրամային ավանդը 7 միլիոն դրամից ավելի է

16 միլիոն ՀՀ դրամ (երաշխավորվում է միայն դրամային ավանդը)

Եթե դրամային ավանդը 7 միլիոն դրամից պակաս է

7 միլիոն ՀՀ դրամ (երաշխավորվում է դրա­մա­յին ավանդն ամբողջությամբ և արտարժութային ավանդը` 7 միլիոն դրամի և հատուցման ենթակա դրամային ավանդի տարբերության չափով)

Հիմնադրամի գտնվելու վայրը` ք. Երևան, Խորենացի 15 ("Էլիտ Պլազա" բիզնես կենտրոն)
Հեռախոս՝ +374 10 583514

Վեճերի և տարաձայնությունների լուծման կարգ

Հաճախորդի և Բանկի միջև ծագած ցանկացած վեճ և տարաձայնություն նախ և առաջ լուծվում է երկուստեք` փոխադարձ բանակցությունների միջոցով, իսկ համաձայնության չգալու դեպքում` ՀՀ օրենսդրությամբ սահմանված ինչպես դատական կարգով, այնպես էլ Ֆինանսական համակարգի հաշտարարի միջոցով:

Ծանուցում Ֆինանսական համակարգի հաշտարարի վերաբերյալ

Տեղեկացնում ենք, որ "Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին" ՀՀ օրենքի համաձայն՝ «Կոնվերս Բանկ» ՓԲԸ կողմից Ձեզ մատուցվող ծառայությունների հետ կապված տաuը միլիոն ՀՀ դրամը կամ դրան համարժեք արտարժույթով գումարը չգերազանցող գույքային պահանջի դեպքում ծագած վեճերն ու տարաձայնությունները կարող են լուծվել Ֆինանսական համակարգի հաշտարարի միջոցով:
Բանկի և Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի միջև կնքված համաձայնագրի համաձայն՝ Բանկը հրաժարվում է Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումները վիճարկելու իրավունքից միայն այն գույքային պահանջների մասով, որոնց չափը չի գերազանցում 250,000 (երկու հարյուր հիսուն հազար) ՀՀ դրամը կամ դրան համարժեք արտարժույթը, իսկ գործարքի գումարի չափը չի գերազանցում 500,000 (հինգ հարյուր հազար) ՀՀ դրամը կամ դրան համարժեք արտարժույթը:

Հասցե` 0010 ք. Երևան, Մ. Խորենացու փող. 15, "Էլիտ Պլազա" բիզնես կենտրոն 7-րդ հարկ
Էլ. փոստ՝ [email protected]
Հեռախոս` (+37460) 70-11-11
Ֆաքս` (+37410) 58-24-21

Կապ Բանկի հետ

Հավելյալ տեղեկատվության համար կարող եք՝

  • այցելել Բանկի https://www.conversebank.am ինտերնետային կայք
  • այցելել Բանկի Գլխավոր գրասենյակի Հաճախորդների սպասարկման գրասենյակ կամ ցանկացած մասնաճյուղ
  • զանգահարել +374 10 511211 հեռախոսահամարով
  • Viber ՝ +374 95 511211
  • Skype ՝ conversebank-callcenter

 Թարմացվել է 15.01.2024թ. 9:50

Սոցիալական փաթեթի հաշվի բացման դիմում

Տեղեկատվական ամփոփագիր

Պայմանները մինչ 14․01․2024
Պայմանները մինչ 24.10.2021