"Կոնվերս բանկ" ՓԲԸ-ն հայտարարում է միջնաժամկետ արժեկտրոնային պարտատոմսերի թողարկման մասին
12.12.2008
Կոնվերս բանկ ՓԲԸ-ը դեկտեմբերի 11-ին, Մարիոթ-Արմենիա հյուրանոցում կայացած շնորհանդեսի ժամանակ, հայտարարեց իր` անվանական, միջնաժամկետ արժեկտրոնային պարտատոմսերի առաջին տրանշի տեղաբաշխման մասին:
Տեղաբաշխվող պարտատոմսերի անվանական ծավալը կազմում է 300.000.000 (երեք հարյուր միլիոն) ՀՀ դրամ, մարման ժամկետը 3 տարի է, տարեկան եկամտաբերությունը` 10.64 տոկոս: Պարտատոմսերի արժեկտրոնները վճարվելու են եռամսյակային հաճախականությամբ:
Շնորհանդեսի ժամանակ "Կոնվերս բանկ" ՓԲԸ-ի գործադիր տնօրեն Արարատ Ղուկասյանը կարևորեց բանկի մուտքն արժեթղթերի շուկա` այն համարելով բանկի ունիվերսալ փաթեթի ամբողջացում: "Մեր հանրապետությունում առաջին անգամ է, որ բանկը պարտատոմսերի թողարկման ծրագրային առաջարկ է անում և այն էլ` 3 տարի ժամկետով",- ասաց պարոն Ղուկասյանը:
Բանկի կողմից թողարկված պարտատոմսերի ընդհանուր անվանական ծավալը կազմում է 1.500.000.000 (մեկ միլիարդ հինգ հարյուր միլիոն) ՀՀ դրամ` 50.000 (հիսուն հազար) հատ` յուրաքանչյուրը 30.000 (երեսուն հազար) ՀՀ դրամ անվանական արժեքով: Պարտատոմսերի տեղաբաշխումն իրականացվելու է մեկից ավելի տրանշներով:
Բոլոր տրանշերով տեղաբաշխված պարտատոմսերը շրջանառվելու են Հայաստանի ֆոնդային բորսայում: "Կոնվերս բանկի" պարտատոմսերի տեղաբաշխումն իրականացնում է "Կապիտալ Ասեթ Մենեջմենթ" ընկերությունը:
Պարտատոմսերի ազդագիրը ՀՀ կենտրոնական բանկում գրանցվել է դեկտեմբերի 1-ին: